Հյուսիսային Կորեան թեստավորել է հեռաչափական սարքավորումը՝ բալիստիկ հրթիռների թռիչքի տվյալներին հետեւելու համար, հաղորդում է ճապոնական Yomiuri թերթը՝ վկայակոչելով ռազմադիվանագիտական աղբյուրներին:

Ինչպես գրում է ՌԲԿ-ն, փորձարկումները կատարվել են դեկտեմբերի առաջին կեսին: Հեռաչափական սենսորները, որոնք թեստավորում էր ԿԺԺՀ-ն, թույլ են տալիս վերահսկել հրթիռի թռիչքի տվյալները, այդ թվում՝ արագությունն ու հետագիծը:

Ենթադրաբար, թեստավորման մասին տեղեկությունը ստացվել է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականների կողմից, որոնք անդադար հետեւում են ԿԺԺՀ-ի ռադիոալիքներին: Թերթի զրուցակիցները ենթադրում են, որ այդ փորձարկումները նշանակում են, որ Փհենյանը շարունակում է մշակել հրթիռային զենք:

Ապրիլի 21-ին ԿԺԺՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել էր հրթիռային եւ միջուկային փորձարկումները ժամանակավորապես դադարեցնելու իր որոշման մասին: Այնուհետեւ մայիսին Հյուսիսային Կորեայի իշխանությունները պայթեցրել էին միակ միջուկային փորձարկման վայրը Փհունգերիում եւ հավաստիացրել, որ փորձարկումների վերսկսումն այնտեղ անհնարին է:

Հունիսին Սինգապուրում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել ԿԺԺՀ-ի առաջնորդի հետ, որի արդյունքում կողմերը ստորագրել են հռչակագիր Հյուսիսային Կորեայի ամբողջովին ապամիջուկայնացման մասին: Սակայն ավելի ուշ NBC հեռուստաալիքը հայտնել է, որ, չնայած դրան, Փհենյանը մեծացրել է միջուկային վառելիքի արտադրությունը մի քանի գաղտնի տարածքներում: