Ուզբեկստանն ավելացրել է ճնշումները Կենտրոնական Ասիայում աշխատող թուրքական ընկերությունների վրա` մի քանի ռեյդ իրականացնելով եւ դատական գործեր հարուցելով գործարարների դեմ:
Ուզբեկական լրատվամիջոցները պնդում են, որ թուրքական ընկերությունները քողարկում են կրոնական ծայրահեղականներին եւ արգելված իսլամական շարժումներին, գրում է «Hurriyet Daily News & Economic Review»-ը:
Ուզբեկստանում նկարահանված վավերագրական ֆիլմում ասվում է, որ վերջին 2 տարում 54 թուրքերի մեղադրանք է ներկայացվել քրեական հանցագործությունների մեջ, նաեւ թուրքական կապիտալով 50 ձեռնարկություններ են փակվել` օրենքների խախտման եւ Ուզբեկստանի տնտեսությանը հասցված վնասի համար: Փակվել են նաեւ բազմաթիվ թուրքական դպրոցներ:
Ուզբեկստանի աշխարհիկ իշխանությունները թուրքական ընկերություններին կասկածում են արգելված նուրչուլար աղանդի գործունեությանն աջակցելու մեջ:
Ուզբեկստանում ներկայումս մոտ 700 թուրքական ընկերություն է գործում, առեւտրաշրջանառությունը կազմում է 1 միլիարդ դոլար:





























