Դաշնային դատավոր Բրունու Սավինուն անմեղսունակ է ճանաչել տղամարդուն, որը ընտրարշավի ժամանակ հարձակվել էր Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի վրա, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Globo պորտալին։

Դատարանի վճռի համաձայն՝ Ադելիու Բիսպու դի Օլիվեյրան տառապում է «մշտական զառանցական խանգարմամբ» եւ դրա հետ կապված՝ չի կարող քրեական պատիժ ստանալ։

Այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամբաստանյալը կսկսի բուժվել համապատասխան հաստատությունում։

Բոլսոնարուն վիրավորվել էր ընտրարշավի հանրահավաքի ժամանակ Ժուիզ դի Ֆորու քաղաքում (Մինաս Ժերայս նահանգ) 2018 թվականի սեպտեմբերի 6-ին, ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ։ Դանակի հարվածը վնասել էր աղեկալի զարկերակը, որն արյուն է մատակարարում որովայնի խոռոչից աղիներին, ինչն առաջ էր բերել ախտահարման մի քանի օջախներ տուժածի մարմնի այդ հատվածում։