ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիվի Պիլեյը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ապահովել ազատ արտահայտման իրավունքը` լուրջ մտահոգություն հայտնելով լրագրողների ձերբակալության  առնչությամբ, որոնք մեղադրվում են կառավարության տապալման նպատակով դավադրության մասնակցության մեջ:  Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնը:

Հանձնակատարի մամլո քարտուղարի խոսքով` եթե կան հիմքեր ենթադրելու,  որ որեւէ լրագրող հանձնագործություն է գործել, ապա դրանք պետք է «թափանցիկ լինեն ինչպես լրագրողների, այնպես էլ նրանց փաստաբանների եւ բոլորի համար»: Իսկ հիմա լրագրողների գործի հետաքննությունը գաղտնիության շղարշով է  պարուրված:  

Բացի այդ, ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել պահպանել Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքի միջազգային պակտի շրջանակում ստանձնած պարտավորությունները եւ անել ամեն ինչ, որպեսզի լրագրողները չտուժեն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու պատճառով:  
Հիշեցնենք, որ մարտի 3-ին թուրք ինը լրագրողներ եւ գրողներ ոստիկանության կողմից ձերբակալվել էին ահաբեկչական կազմակերպություններին եւ կառավարությունը տապալելու նպատակով դավադրության մասնակցության կասկածանքով: