Դստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի բարեկամները դիմել են Ռուսաստանի Քննչական կոմիտե՝ խնդրելով քրեական գործ հարուցել աղջիկների մոր նկատմամբ, ինչպես նաեւ պետական պաշտպանություն տրամադրել վկային՝ գործարարի զարմիկ Արսենին, հաղորդում է ՄԿ-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Խաչատուրյանի բարեկամները պահանջել են զրկել նրա նախկին տիկնոջը ծնողական իրավունքներից, քանի որ նա դեռեւս 2015 թվականին հեռացել էր տնից եւ չէր մասնակցել դստրերի դաստիարակությանը: Բացի այդ, նրանք հայտարարել են, որ հարցաքննություններից մեկի ժամանակ կինը ենթադրել էր, որ հայրը կարող էր հանցանք գործել աղջիկների նկատմամբ, եւ միեւնույն է թողել էր նրանց վտանգի մեջ՝ առանց իրավապահ մարմիններին դիմելու:

Գործարարի բարեկամների փաստաբանները խնդրել են Ռուսաստանի Քննչական կոմիտեին ստուգել Աուրելիայի՝ Միխայիլի սպանության մասնակցությունը: Նրանք նաեւ խնդրել են սպանվածի զարմիկ Արսեն Խաչատուրյանին պաշտպանելու համար, քանի որ վերջինն ակտիվ գործունեություն է իրականացնում «դստրերի կողմից անմեղ սպանված Միխայիլ Խաչատուրյանի բարի անունը վերականգնելու եւ հասարակության աչքերում նրան արդարացնելու ուղղությամբ»: Պաշտպանները պնդում են, որ Արսենին սպառնում են, սակայն չեն նշում, թե ով է սպառնալիքների հեղինակը:

Ավելի վաղ Լայֆը պատմել է, որ Խաչատուրյան քույրերի պաշտպանները մտադիր են վերաորակավորել աղջիկների գործողությունները որպես ինքնապաշտպանություն:

Հիշեցնենք, որ երեք քույրեր՝ Քրիստինան, Անգելինան եւ Մարիան, սպանել են իրենց հորը 2018 թվականի ամռանը: Աղջիկները պնդում են, որ հայրը դաժան վերաբերմունք էր ցուցաբերում եւ բռնություն գործադրում նրանք նկատմամբ: Քույրերի պնդմամբ՝ Միխայիլը պահում էր նրանց որպես անձնական ստրկուհիներ: Հետմահու հոգեբուժական փորձաքննությունը ցույց էր տվել ընտանիքի հոր մոտ հոգեկան խանգարումներ: