Արագածոտնի մարզում, մայիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։20-ի սահմաններում Թալինի բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի աջ ստորին վերջույթի պատռված վերք, ձախ ձեռքի առաջին, երկրորդ, երրորդ մատերի եղունգային ֆալանգի տրավմատիկ ամպուտացիա, բազմաթիվ մանր բեկորներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորն Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի բնակիչ 51-ամյա Հրայր Վ.-ն է, ով համագյուղացի՝ 53-ամյա Խաչատուր Մ.-ի տան բակում կոյուղու փոս փորելիս քարը պայթեցրել է «ամունալ» պայթուցիչով։

Նա ցանկացել է կտրել հրահաղորդ քուղը՝ տեղադրելու համար, եւ այդ պահին տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով էլ Հրայր Հ.-ն վնասվածքներ է ստացել։

Հիվանդանոցում նա ոստիկաններին հայտնել է, որ պայթուցիչը ձեռք է բերել 2016 թվականի ապրիլին, Արցախում քառօրյա պատերազմին մասնակցելու ժամանակ։

Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Ալեքսանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են դատաբժշկական եւ դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ։