Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի ավագ որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ 2018թ. հունվարի 8-ին տեղի ունեցած վթարի գործով հերթական դատական նիստը։
Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար։
Այսօրվա դատական նիստում Վարդանյանի պաշտպան Հակոբ Մարտիրոսյանը հերթական անգամ նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ պահանջելով պաշտպանական կողմին տրամադրել հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները թույլատրելու վերաբերյալ նյութերը:
Նշենք, որ պաշտպանական կողմը գործի նախաքննությունից ի վեր վիճարկում է այս ապացույցի ձեռքբերման օրինականությունը։ Բանն այն է, որ գաղտնալսումն իրականացվել է ՀՀ ՔՕ 112–րդ (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որով, սակայն, Վարդանյանի նկատմամբ անգամ քրեական հետապնդում չի իրականացվել։
Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի 3–րդ մասի (վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) և ՔՕ 244–րդ (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հոդվածի հատկանիշներով, որով ըստ պաշտպանական կողմի՝ գաղտնալսում չէին կարող իրականացնել։ Դեպքից հետո ոստիկանությունը դիմել էր դատարան՝ գաղտնալսման թույլտվություն ստանալու համար։ Ըստ ոստիկանության՝ «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Օպերատիվ հարցում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Սարգիս Վարդանյանն իր կողմից վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով դիտավորյալ է հարվածել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայողական ավտոմեքենային։ Դատարանն, ուսումնասիրելով գործի նյութերը, ներկայացված միջնորդությունները և լսելով ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի (ներկայումս Սյունիքի մարզպետ) ներկայացուցչին, որոշել էր թույլատրել գաղտնալսումը։ Սարգիս Վարդանյանի պաշտպան Հարություն Մանուկյանը դատարանին միջնորդել էր պահանջել և գործին կցել այն նյութերը, որոնց հիման վրա դատարանը որոշել էր թույլատրել գաղտնալսում իրականացնելը։ Ըստ նրա՝ այդ գաղտնալսումները չեն իրականացվել օրենքով սահմանված կարգով, օրենքով սահմանված պայմաններում և դատարանի որոշմամբ։
Նախորդ դատական նիստում դաստարանը մերժել էր միջնորդությունը՝ նշելով, որ ամբաստանյալի նախկին պաշտպան, փաստաբան Սամվել Ջաղինյանի կողմից համանման միջնորդություն դատարանում արդեն իսկ ներկայացվել է, դատարանը որոշում է կայացրել, այդ կապակցությամբ որոշում է կայացրել նաև վերաքննիչ դատարանը:
Մինչդեռ Հակոբ Մարտիրոսյանը պնդում է, որ լրացուցիչ հիմնավորումներ է ներկայացրել, որոնք հիմք են՝ որպեսզի այդ նյութերը դատարանից պահանջվեն և տրամադրվեն իրենց։
Տուժող Արեգ Դավթյանի իրավահաջորդի ներկայացուցիչը փաստաբան Ռուբեն Բալոյանը դժգոհեց, որ արդեն 5 դատական նիստ է նույն միջնորդությունն են լսում՝ բանավոր և գրավոր տարբերակներով և առաջ չեն շարժվում։ Նա ժամանակ խնդրեց դատարանից ներկայացված միջնորդությանը ծանոթանալու և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։ Նա միաժամանակ հորդորեց դատավորին սահմանափակել փաստաբանի ելույթը՝ նշելով, որ ինքն այլ գործերով ևս ծանրաբեռնված է և ամեն անգամ չի կարող գալ դատարա և նույն բանը լսել։
Մեղադրող դատախազ Մարգարյանն էլ հայտարարեց, որ ինքը նման ապացույց չի ներկայացրել դատարանին, հետևաբար չի կարելի 5 դատական նիստ անընդմեջ քննարկել գոյություն չունեցող ապացույցի թույլատրելիության հարցը։
Այսպիսով դատարանը ժամանակ տվեց տուժողի իրավահաջորդին՝ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։
Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանն էլ առաջին անգամ ձայնի իրավունք խնդրեց դատարանից և դժգոհեց, որ դատական նիստերը հաճախ չեն նշանակվում.
«Ամիսը մեկ անգամ է դատական նիստ նշանակվում, մեկ տարեկան երեխա ունեմ, կարելի է չէ՝ մի քիչ էլ իմ՝ ամբաստանյալիս մասին մտածել»,- հայտարարեց նա՝ հորդորելով դատարանին իր ասածը, որպես խնդրանք ընդունել։
NEWS.am–ի լրագրողը Վարդանյանից հետաքրքրվեց, թե արդյոք նա հնարավորություն ունի կալանավայրում տեսակցելու երեխային, ինչին ամբաստանյալը դրական պատասխան տվեց։
Վարդանյանը, սակայն հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյոք այս ընթացքում փորձել են կապ հաստատել տուժողների հետ։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին և ուղևոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ: Վարդանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։





























