Թուրքիայում հղի կնոջը, որը ձերբակալվել էր իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի շարժման հետ կապ ունենալու մեղադրանքով, մերկացրել են խուզարկության ժամանակ եւ ենթարկել կտտանքների։ Այս մասին տեղեկացնում է Stockholm Center for Freedom-ը՝ հղում կատարելով հայտնի իրավապաշտպան եւ փաստաբան Էրեն Քեսքինին։
Մոտ 30 հազար մարդ, որոնցից 10 հազարը՝ կանայք հասարակության բոլոր շերտերից, հայտնվել են բանտում 2016 թվականի հուլիսին անհաջող պետական հեղաշրջումից հետո, Գյուլենի շարժման հետ ենթադրվող կապի պատճառով։
Թուրքական կառավարությունը Գյուլենի շարժումը մեղադրում է 2016-ի հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ եւ այն անվանում է «ահաբեկչական կազմակերպություն», թեեւ Գյուլենը կտրականապես հերքում է մասնակցությունը հեղաշրջման փորձին։
Քեսքինը Թվիթերում գրել է, որ այցելել է բանտեր՝ հնարավորություն ստանալով խոսել բանտարկյալների հետ եւ իմանալ, թե ինչ են նրանք ապրել բանտում։
«Որպես փաստաբանական գրասենյակ մենք այսօր հանդիպեցինք բանտարկյալ կնոջ հետ, որը դատարանի առջեւ կկանգնի Գյուլենի հետ կապի պատճառով։ Հղիության հինգերորդ ամսում գտնվելով՝ նրան ենթարկել են խմբակային խուզարկության եւ կտտանքների։ Այսպիսին է «զրոյական հանդուրժողականությունը» կտտանքների հանդեպ»,- գրել է Քեսքինը։





























