Արեւմտյան երկրները կարող են սկսել Քադաֆիի ուժերի գնդակոծումներն արդեն մարտի 18-ին` ՄԱԿ-ի բանաձեւի համապատասխան: Չի բացառվում, որ անօդաչու ավիացիայի առաջին հարվածները տեղի ունենան առաջիկա ժամերին, եթե Քադաֆին սկսի իրականացնել իր սպառնալիքները Բենղազիի «վճռորոշ ճակատամարտի» վերաբերյալ, գրում է The Daily Telegraph-ը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
Պարբերականի տվյալներով, բրիտանական ռազմական օդուժը կարող է ներգրավել գործողությանը այս գիշեր: Ռազմական գործողություններին կարող են մասնակցել նաեւ Քաթարի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ուժերը:
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին ՄԱԿ-ի բանաձեւի ընդունումից առաջ սպառնացել էր, թե ներխուժման դեպքում պատրաստ է կրակ բացել Միջերկրական ծովում գտնվող բոլոր ինքնաթիռների եւ նավերի վրա:
Ընդունված բանաձեւը ենթադրում է օդային տարածքի փակում լիբիական ավիացիայի համար, ռազմական գործողություններ առանց վերգետնյա զորքերի օգտագործման:
Արգելքը չի տարածվում մարդասիրական բեռներ տեղափոխող ինքնաթիռների վրա:





























