Լիբիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե այլեւս չի ընդունում հրադադարի եւ Լիբիայի օդային տարածքը փակելու մասին ՄԱԿ-ի բանաձեւի պահանջները:

Բանաձեւի մերժման պատճառը միանգամից մի քանի երկրների ռազմական ներխուժումն է: Լիբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կարծում է, որ կոալիցիոն ուժերի կողմից օդային հարվածները խախտում են ՄԱԿ-ի բանաձեւի`  Լիբիայի օդային տարածքով ավիաթռիչքների արգելքի մասին պահանջը, գրում է Lenta.ru-ն:

Լիբիայի իշխանություններն իրենց իրավունք են վերապահել ռազմական ավիացիա կիրառել` Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի կողմից «բանաձեւի պահանջները խախտելուց» հետո: Ըստ Լիբիրայի արտգործնախարարության` ֆրանսիական օդանավերը հարվածել են քաղաքացիական օբյեկտները:

Լիբիական իշխանությունները նաեւ հայտարարել են Եվրամիության հետ համատեղ իրականացվող անօրինական միգրացիայի դեմ պայքարի ծրագրից դուրս գալու մասին, որի համար Լիբիան  2010թ-ին 50 մլն եվրո էր ստացել:

Բացի այդ, պաշտոնական Տրիպոլին պահանջել է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ:

Մարտի 19-ից ֆրանսիական կործանիչները գրոհել են Քադաֆիին հավատարիմ ուժերի ռազմատեխնիկան: Իսկ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը հրթիռային հարձակման են ենթարկել Լիբիայի հակաօդային պաշտպանության համակարգը: