Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կասեցրել է ԵՄ գագաթնաժողովը՝ եվրակառույցների առանցքային պաշտոններում թեկնածությունների հարցով լրացուցիչ երկկողմ խորհրդակցությունների համար, բանավեճերը կվերականգնվեն ավելի ուշ, լրագրողներին հայտնել է Եվրախորհրդի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԵՄ առաջնորդները Բրյուսելում ընթացող գագաթնաժողովում պետք է համաձայնության գան Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի եւ ԵՄ դիվանագիտության ղեկավարների պաշտոններում նշանակումների «փաթեթի» շուրջ: Սա անհրաժեշտ է անել մինչեւ հուլիսի 2-ին նոր գումարման Եվրախորհրդարանի լիագումար նիստը սկսվելը:
«Եվրախորհրդի ղեկավարը կասեցրել է գագաթնաժողովը: Հիմա նա առաջնորդների հետ երկկողմ հանդիպումներ է կազմակերպում: Գագաթնաժողովը աշխատանքը կվերսկսի երկկողմ խորհրդակցություններն ավարտելուց հետո»,- հայտնել է պաշտոնյան:
Մեկ այլ աղբյուր հայտարարել է, որ բանավեճերն ընդհատելու անհրաժեշտությունն է մատնանշում «առայժմ որոշման հասնելու անհնարինությունը»:
Կիրակի արտահերթ գագաթնաժողովը վերջին 2 ամսում երրորդն էր՝ եվրակառույցների առանցքային պաշտոններում թեկնածուների փաթեթի շուրջ փոխզիջման հասնելու փորձով: Բանավեճերի սկզբնակետ է դարձել Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում խորհրդակցությունների արդյունքում ձեւավորված «փաթեթը»: Դրա հիմքում էր ԵՀ ղեկավարի պաշտոնում հոլանդացի Ֆրանս Թիմերմանսի թկնածությունը համաձայնեցնելու փոխզիջումային առաջարկը, ում առաջադրել է Եվրախորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող սոցիալ-դեմոկրատների եվրոպական դաշինքը:
Սակայն մի շարք երկրներ, որոնց առաջնորդները հարում են ԵՄ-ում առաջատար աջ կենտրոնամետ «Եվրոպական ժողովրդական կուսակցությանը», ինչպես նաեւ Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրները տարբեր պատճառներով այս տարբերակն արգելափակել են: ԵԺԿ-ն շարունակում է պնդել, որ առաջնային պետք է լինի իր առաջադրած թեկնածուն՝ բավարացի Մանֆրեդ Վեբերը, սակայն նրա թեկնածությունը եւս Եվրախորհրդում մեծամասնություն չի ստացել: Այսպիսով, քննարկումն առայժմ փակուղի է մտել:





























