Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը խիստ քննադատության է ենթարկել Լիբիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որն, ըստ նրա, թույլ է տալիս օտարերկրյա ներխուժում իրականացնել ինքնիշխան երկրի տարածք, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«ՄԱԿ- ի ԱԽ բանաձեւը լիարժեք չէ եւ վնասական է: Այն թույլ է տալիս ամեն ինչ եւ խաչակրաց արշավանքի   միջնադարյան կոչ է հիշեցնում: Բանաձեւը,  փաստացի, թույլ է տալիս ներխուժել ինքնիշխան երկիր»- ասել է Պուտինը Վոտկինյան գործարանի բանվորների հետ զրույցի ժամանակ: Ն ա նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանը ձեռնպահ է քվեարկել այդ բանաձեւին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, որը ենթադրում է  ցանկացած գործողություն, այդ թվում ռազմական միջամտություն՝ Լիբիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Բանաձեւն արգելու է միայն ցամաքային ներխուժումը Լիբիայի տարածք:

Մարտի 19-ին Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական օդանավերն սկսեցին ռմբահարել Լիբիայի տարածքը: Մի քանի ժամ անց նրանց միացան նաեւ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օդանավերը:

Լիբիայի դեմ ռազմական միջամտության օգտին արտահայտվել են մի շարք եվրոպական եւ արաբական երկրներ։

Լիբիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ այդ հարվածներից  մահացել է ավելի քան 60 խաղաղ բնակիչ, այնինչ արեւմտյան երկրները այդ տվյալները չեն հաստատում: