Չինաստանը Կանադային կոչ է արել միամիտ չլինել եւ հույս չունենալ, որ ԱՄՆ ճնշումները կարող են օգնել լուծել սուր հարցերը, որոնք խանգարում են Օտտավայի եւ Պեկինի հարաբերություններին, հաղորդում է AFP-ը:
Երեկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ վստահ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Չինաստանում ձերբակալված կանադացիների հարցը Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ:
«Միամիտ մի եղեք եւ հույս մի ունեցեք, որ որեւէ այսպես կոչված դաշնակից կարող է ճնշել Չինաստանին, եւ դա կարող է օգնել հարցերի լուծմանը: Օտտավան չպետք է միամիտ լինի՝ հույս ունենալով, որ այդ դաշնակիցն իսկապես գործում է՝ ի շահ Կանադայի»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
Չինաստանի եւ Կանադայի հարաբերությունները վատթարացել էին Վանկուվերում ԱՄՆ պահանջով Huawei տեխնոհսկայի ղեկավար Մեն Վանչժոուի ձերբակալությունից հետո:
«Կանադան հստակ գիտի՝ ինչն է երկու երկրների խնդիրների պատճառը: Հուսով ենք, որ Կանադան միջոցներ կձեռնարկի երկու երկրների հարաբերությունների վերականգնման համար»,- հավելել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:





























