ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախկինի պես դիտարկում է Թուրքիայի դեմ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար պատժամիջոցների սահմանումը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնական անձանց:

Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի շրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի դեմ:

Թրամփը բանակցությունների ժամանակ դժկամությամբ հրապարակայնորեն հայտարարել է պատժամիջոցների մասին: Սակայն ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները գործակալությանը հայտնել են, որ վարչակազմը մտադիր է պատժամիջոցներ սահմանել եւ Թուրքիային բացառել ամերիկյան F35 կործանիչների ծրագրից:      

«Միացյալ Նահանգները հետեւողականորեն եւ հստակ հայտարարել են, որ Թուրքիան բախվում է Ս-400 գնելու հետ կապված իրական եւ բացասական հետեւանքների հետ»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Իր հերթին, ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Էնդրյուսը նշել , որ Անկարան չի ստանա այդ երկու համակարգերը, քանի որ դրանք անհամատեղելի են:

Փորձագետները նշում են, որ Թրամփը դեռեւս կարող է փորձել փոխել իր քաղաքականությունը՝ հետաձգելով պատժամիջոցները, եւ նման քայլը շահավետ կլինի Անկարայի համար:

Ճապոնիայում Թրամփը մեղադրել էր նախկին վարչակազմին՝ ասելով, որ վերջինս չի կարողացել օգնել Թուրքիային գնել Ս-400-ների այլընտրանքը՝ Patriot հրթիռները: Նա նշել է, որ դրանում Էրդողանը մեղավոր չէ:    

«Նրանց հետ անարդար են վարվել»,- Ճապոնիայում ասել է Թրամփը:

Սակայն փորձագետները նշում են, որ պատժամիջոցները չեղարկելը կամ հետաձգելն ավելի բարդ որոշում է, քան ամերիկյան կործանիչների ծրագրից Թուրքիայի բացառման քննարկումը:

Որոշ փորձագետներ նշում են, որ Թրամփը կփորձի փրկել իրավիճակը՝ շահարկելով Patriot-ների գործարքը: