Տպավորություն էր, որ դա կազմակերպված շանտաժ է՝ մրոտելու քաղաքապետարանի եւ ՀՈԱԿ-ի աշխատանքը. մտածում եմ դատի տալ «Լույս» խմբակցության անդամներին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետարանի կողմից ստեղծված թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ Նշենք, որ այսօր Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներն այցելել էին ՀՈԱԿ, եւ ուղիղ եթերում հայտարարել, որ սենյակներում որեւէ ստանդարտ չի պահպանվում։
«Տեղեկատվության մեջ տեղ գտած այն լուրը, որ ՀՈԱԿ-ում սառնարաններ չկան, զրպարտություն է, որի համար ես մտածում եմ դատի տալ «Լույս» խմբակցության անդամներին։ Այնտեղ կա 2 կենցաղային սառնարան։ Այնտեղ անհրաժեշտություն կա միայն 1 տեսակի դեղորայք պահել, որը պատվաստանյութն է։ Այդ կենցաղային սառնարանը գնվել է լրիվ նոր, եւ բերվել է հենց այդ պատվաստանյութերը պահելու համար։ Եվ ցեխ շպրտել աշխատակիցների վրա, ես անընդունելի եմ համարում, վատաբանել միշտ կարելի է»,- ասաց Բեգոյանը։
Բեգոյանը նշեց, որ կենցաղային այդ սառնարաններում չեն կարող շատ դեղորայք պահել, մինչդեռ ՀՈԱԿ-ի կենտրոնի հարակից սենյակներից մեկն օգտագործվում է որպես դեղերի պահեստ։ Բեգոյանը հավաստիացրեց, որ կարող է ցույց տալ դեղերի պահեստը, եւ նշեց, որ բոլոր շներն էլ ստանում են անհրաժեշտ պատվաստանյութերը։
Անդրադառնալով դեղորայքի պակասին՝ Բեգոյանն ասաց, որ ավագանու անդամների այցի ժամանակ սառնարանում 30 պատվաստանյութ է եղել կատաղության դեմ. «ՀՈԱԿ-ը շաբաթական իրականացնում է 100-ին մոտ վիրահատություն։ Եթե մենք բաժանում ենք շաբաթական 5 օրերի միջեւ, ստացվում է մոտ 20 վիրատահություն։ Եվ այպիսի խմբաքանակը, որը ուղարկվել է այնտեղի սառնարան, կազմում է 30 պատվաստանյութ։ Շատ զրպարտիչ հայտարարություն է, որ փորձում են ներկայացնել քաղաքացիներին, թե տեսեք՝ պատվաստանյութերը քիչ են»։
Բեգոյանն ասաց, որ ՀՈԱԿ-ի այդպիսի պայմանները ժամանակավոր են, եւ համաձայնեց այն կարծիքին, որ որոշ առումներով էլ բավարար չեն. «Կարծում եմ, որ նման ցուցանիշներ ունենալուց հետո պետք է ոչ թե ցեխ շպրտել ՀՈԱԿ-ի աշխատակիցների եւ աշխատանքի վրա, այլ շնորհակալություն հայտնել, որ նման սուղ շենքային պայմաններում կարողացել ենք իրականացնել աննախադեպ քանակի աշխատանքներ»։
Նա հայտնեց, որ ՀՈԱԿ-ն այս շաբաթ հատելու է Երեւան քաղաքի թափառող 1000 շան ստերջացման սահմանագիծը. «Նման աշխատանքներ երբեք Հայաստանում չեն կատարվել։ Մի պահ պատկերացնենք, որ մենք դեռ սպասում ենք մեր շենքի շինարարությանը, եւ այդ 1000 կենդանին, որոնք ստերջացվել են, եթե չստերջացվեինք, մենք այդ 1000 շնից կունենայինք եւս 4000 թափառող շուն»։
Բեգոյանն ասաց, որ բոլոր շները պատվաստվում են կատաղության դեմ. «Ով չի հավատում՝ կարող է բռնել քաղաքում թափառող ու կլիպսավորված շան, արյուն վերցնել եւ ենթարկել լաբորատոր անալիզի»։
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն էլ հավելեց, որ ՀՈԱԿ-ը ոչ միայն ստերջացում, այլ պատվաստումներ է իրականացնում, եւ որոնք համաճարակային պատկերով չեն համապատասխանում ազատ միջավայր վերադարձվելուն՝ չեն վերադարձվում. «Կաֆելի գույնը, մետլախի ռելիեֆը բացարձակ կապ չունեն ծրագրի արդյունավետ իրականացմանը։ Ցուցանիշ է հանդիսանում կենդանիների վերջնաարդյունքային առողջական ցուցանիշները»։
Հակոբյանն ասաց, որ ՀՈԱԿ-ի գործունեությունն այս պահին կատարվում է Ագրարային համալսարանի անասնաբուժական ֆակուլտետի կլինիկայում։





























