Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե-ինը դատապարտել է Ճապոնիայի պաշտոնական անձանց մեկնաբանությունները, որոնք կասկածի տակ են դրել Հյուսիսային Կորեայի դեմ Սեուլի պատժամիջոցների հավաստիությունը: Այդ հարցը երկու երկրների միջեւ լայնամասշտաբ դիվանագիտական վեճի է վերածվել, հաղորդում է AP-ը:

Նախագահական պալատում Հարավային Կորեայի գործունյա շրջանակների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Մուն Չժե-ինը հայտարարել է, որ իր կառավարությունը կողմ է այդ հարցի դիվանագիտական կարգավորմանը, եւ Ճապոնիային կոչ է արել զերծ մնալ իրավիճակը փակուղի տանելուց:

Անցած շաբաթ Տոկիոն խստացրել է ճապոնական ֆոտորեզիստների եւ այլ զգայուն նյութերի մատակարարման գործընթացը, որոնց քիմիկատներ են անհրաժեշտ կիսահաղորդիչների եւ էկրանների արտադրության համար:

Ճապոնիայի պաշտոնական անձանց խոսքով՝ նման նյութերը կարող են արտահանվել միայն հուսալի առեւտրային գործընկերներին՝ նկատի ունենալով անվտանգության ռիսկերը:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ նրա օգնականները հասկացնել են տվել, որ, հնարավոր է, Հարավային Կորեայից Հյուսիսային Կորեա զգայուն նյութերի անօրինական մատակարարումներ են եղել: