Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երբեք դեմ չի եղել Ռուսաստանի հետ առեւտրին, իսկ կարեւորն այն է, որպեսզի երկիրը կախում չունենա ռուսական շուկայից, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»–ն։
Սաակաշվիլին, որը գտնվում է Կիեւում, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հարցազրույցում քննարկել է ռուս-վրացական հարաբերություններում վերջին լարվածությունը, որն էլ ավելի սրվեց այդ հեռուստաընկերության հաղորդավարի սկանդալային ելույթից հետո. հաղորդավար Գեորգի Գաբունիան ուղիղ եթերում ռուսերենով ոչ ցենզուրային արտահայտություններ էր արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։
Սաակաշվիլին հերթական անգամ նշել է, որ Գաբունիայի պահվածքն անընդունելի է, եւ կարծիք է հայտնել, որ նման արտահայտություններ անելու անհրաժեշտություն չկար։
«Կարծում եմ՝ Գաբունիայի պահվածքը խելամիտ չէր, եւ անհասկանալի է՝ ինչու ավելորդ գլխացավանք առաջացրեցինք մեզ համար։ Այդ պահվածքը ոչ ոքի ոչինչ չի ապացուցում եւ Պուտինի նկատմամբ առավելություն չի համարվում»,– ասել է Սաակաշվիլին։
Ընդ որում, Վրաստանի նախկին նախագահը նշել է,որ ներկայիս կառավարությունն իր արձագանքով ցույց է տվել, որ գտնվում է Մոսկվայի ազդեցության տակ։
«Մյուս կողմից, դա կարող է օգնել երկրին, որտեղ լրագրողի ելույթը կարող է վախ առաջացնել, որ կարող են ինքնաթիռներ գալ ու ռմբակոծել։ Այդ իրավիճակը ցավալի է։ Այն նման է մկանի հետ խաղի. մեկ կռբնի, թաթով կհարվածի, մեկ էլ բաց կթողնի»,- ասել է Սաակաշվիլին։
Նա նաեւ Վրաստանի իշխանություններին մեղադրել է տնտեսությունը զարգացնել չկարողանալու մեջ։ Նրա խոսքով՝ 2012 թվականին Վրաստանը մոտ էր ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքմանը, սակայն իշխանափոխությունից հետո այդ գործն ավարտին չհասցվեց։
«Այսօրվա վրացական իշխանություններն ունակ չեն զարգացնել տնտեսությունը, այդ իսկ պատճառով այսօր անհրաժեշտ է ողջ հանրության կոնսոլիդացում։ Այդ իշխանությունները՝ օլիգարխ Իվանիշվիլիի ղեկավարությամբ, կպարտվեն ցանկացած ընտրություններ»,- վստահ է Սաակաշվիլին։
Վրաստանի երրորդ նախագահը, որի օրոք Ռուսաստանն առաջին անգամ առեւտրային էմբարգո սահմանեց՝ հրաժարվելով գինու մատակարարումներից, հայտարարել է, որ երբեք դեմ չի եղել Ռուսաստանի հետ առեւտրին, սակայն կարեւոր է, որ երկիրը ռուսական շուկայից կախում չունենա։
«Ռուսաստանի հետ առեւտուրը նորմալ է եւ լավ, եւ դա պետք է խրախուսել»,- նշել է Սաակաշվիլին։





























