ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կոչ է արել Հայաստանի բնակիչներին միանալ երկրագնդի բնակչությանը եւ շաբաթ երեկոյան մարտի 26-ին ժամը` 20:30-21:30-ին անջատել ոչ կենսական նշանակության լույսերը` նշելու «Երկրի ժամ»-ը: Լույսերի մեկ ժամով անջատելը կբերի դրական փոփոխության շրջակա միջավայրի պաշտպանության գործում:
Անցյալ տարի միլիոնավոր մարդիկ 128 երկրում մասնակցեցին այս իրադարձությանը` այն դարձնելով աշխարհում հանրային իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված ամենամասշտաբային քարոզարշավներից մեկը:
«Բնության համաշխարհային հիմնադրամ» (WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երկրի ժամ»-ը կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության եւ էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակը:
«Երկրի ժամ»-ը սկսվել է 2007թ. Սիդնեյում, Ավստրալիայում, երբ 2,2 միլիոն անհատներ եւ 2,000 ընկերություններ մեկ ժամով անջատեցին լույսերը` պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: Եվ միայն մեկ տարի անց «Երկրի ժամ»-ը դարձավ համընդհանուր կայուն շարժում` ներգրավելով ավելի քան 50 միլիոն մարդ աշխարհի 35 երկրներից, տարածաշրջաններից:
Նյու Յորքի գրասենյակում «Երկրի ժամ»-ի կապակցությամբ ՄԱԿ-ի գործընկերները կանջատեն լույսերը մեկ ժամով: Կմասնակցեն նաեւ մյուս գրասնեյակները, ինչպես նաեւ աշխարհի շատ երկրներ եւ կազմակերպություններ:
Այս օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան ասաց,- «Հարգելի ընկերներ, աշխատակիցներ եւ գործընկերներ եկեք մեկ անգամ եւս միանանք այս համընդհանուր շարժմանը Հայաստանում եւ եկեք մեր ներդրումն ունենանք կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություններում, եկեք պաշտպանենք երկրագունդը եւ երաշխավորենք մարդկային բարեկեցությունը»:
Լույսերն անջատում են մարտի 26-ին, ժամը 20:30-ին: Միջոցառումը անմիջապես գարնանային գիշերահավասարից հետո է կազմակերպվում, քանի որ հյուսիսային եւ հարավային կիսագնդերում էլ 20:30-ին արդեն մութ է լինում:




























