ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ կքննարկի Ֆրանսիայի եւ Նիգերիայի առջարկած բանաձեւի նախագիծը, որը պատժամիջոցներ է նախատեսում Կոտ դ` Իվուարում Լորան Գբարգոյի ռեժիմի նկատմամբ: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն:

Նրա խոսքով`բանաձեւում մասնավորապես ներկայացված է նախագահի պաշտոնից Գբարգոյի հեռանալու մասին պահանջ: Բանաձեւի նախագծով պահանջվում է նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունների դադարեցում,  ծանր սպառազինությունների կիրառման արգելում:

 «Մենք նաեւ ցանկանում ենք պատժամիջոցներ կիրառել Գբարգոյի եւ նրա մտերիմ խորհրդականների նկատմամբ», - ասել է ֆրանսիացի դիվանագետը: Կառաջարկվի նաեւ Գբարգոյի գործողությունները քննել Միջազգային քրեական դատարանում:

Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերին կայացած նախագահական ընտրություններում պարտված Գբարգոն հրաժարվում է իշխանությունը զիջել իր մրցակից Ալասան Ուատարեին, որի լեգիտիմությունը  պաշտոնապես ճանաչել է ՄԱԿ-ը: Մարտից Գբարգոն սկսել է իր հակառակորդների դեմ ծանր ռազմատեխնիկա օգտագործել: Որոշ տվյալներով` բախումների զոհ է դարձել 462 մարդ, որից 52-ը` անցած շաբաթ: