Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ եւ դստեր հետ զբոսանքի էր դուրս եկել։ Եվ հանկարծ տեսավ, որ Կարապի լճի կղզու դռնակը փակ է։ Սրանից էլ սկսվեց այն, ինչի արդյունքը Փաշինյանը ֆեյսբուքայն իր էջում ձեւակերպեց որպես՝ փոքրիկ, բայց կարեւոր իրադարձություն։ Վարչապետը զանգեց քաղաքապետին, եւ շուտով ահա դռնակը բացվեց։
Կղզու բացումից հետո առաջին այցելուները անկեղծ զրույցի բռնվեցին, Փաշինյանը պատմեց, որ վարչապետությունից ի վեր կարոտում է Երեւանը։
Հաջորդ օրը՝ այսինքն այսօր, կառավարության նիստ էր, եւ շենքի առաջ դարձյալ բողոքող մարդիկ էին։ Զոհված զինծառայողների մայրերը հանդիպում են ակնկալում վարչապետի տիկնոջ հետ, դիմել են, բայց դեռ արձագանք չկա, ավելին՝ Աննա Հակոբյանի աշխատողն ասել է, որ տիկինը քաղաքում չէ՝ մոռանալով երեկվա ընտանեկան «լայվը»։
Իսկ կառավարությունը վերևում նիստ էր անում եւ մի բավականին ուշագրավ նախագիծ ընդունեց, որ փոփոխություններ է նախատեսում Քրեական օրենսգրքում։ Գործադիրը, ինչպես ներկայացվեց, որոշել է վերացնել քրեական աշխարհը՝ իր տիտղոսներով ու հիերարխիայով՝ այսպես կոչված օրենքով գողից մինչեւ մատաղի փող հավաքողներ։ Ընդ որում՝ այս նախագծով ավելի խիստ պատիժներ են սահմանվում, եթե քրեական աշխարհին առնչվեն ՔԿՀ-երի պաշտոնյաները, զինծառայողները, եւ կամ ներգրավվեն անչափահասներ։
Նախագծի համաձայն՝ քրեական պատասխանատվության կենթարկվեն նաեւ նրանք, ովքեր կդիմեն քրեական հեղինակություններին։ Փաստաբան Երվանդ Վարոսյանի գնահատմամբ այդ դրույթը կամայականության տարրեր է պարունակում, հետագայում ով ինչպես ցանկանա, կմեկնաբանի․ «Ինչպե՞ս է որոշվելու, թե ով է դիմել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին, ասենք` բարևելը արդյոք համարվելու՞ է դիմել, կամ ի՞նչ է նշանակում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը անդամակցել։ Օրինակ, զրուցարանում գիշերը մարդիկ նստած կյանքի ճշտից են խոսւմ և ինչ–որ մեկը միանում է, նշանակում է, դառնում է այդ խմբավորման անդա՞մ, այս իրավական անորոշությունն օրենք դառնալու իրավունք չունի, առավել ևս երբ դա վերաբերում է Քրեական օրենսգրքին»,– ասել է նա NEWS.am-ի հետ զրույցում։
Իսկ կառավարության նիստում Փաշինյանի խոսքից կարելի էր ենթադրել, որ մի այլ խստացում էլ է սպասվում, բայց մշակութային հիմնարկների տնօրենների հանդեպ։ Վարչապետն ասաց՝ արվեստն ու մշակույթն էլ է ընկալում որպես տնտեսության ճյուղ եւ դրանք եւս պետք է ձգտեն աճեցնել իրենց եկամուտները, որեւէ պարապ տնօրեն չի հանդուրժվելու։
Տնտեսական հեղափոխություն բառակապակցությունը Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները վերջերս աշխատում են չարտաբերել։ Նկատել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, քանի որ ըստ նրա՝ հեղափոխություն այդ ասպարեզում անհնարին է։ Տնտեսագետը կարծում է նաեւ, որ ստվերային տնտեսությունը իսպառ վերացնել հնարավոր չէ, եւ չի կարելի դրա դեմ պայքարի անվան տակ զարգացման խթանները ոչնչացնել։ Այս ձերբակալությունները քաղաքական էֆեկտ էլ ունեն, Բոստանջայանի կարծիքով՝ փորձ է արվում տեսարաններով աջակիցներին պահել։
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալություն էլ ԱԱԾ նախկին պաշտոնյան համարում է թատրոն, նրան զարմացրել էր հատկապես, որ ԱԱԾ-ն միայն 1 ու կես տարի անց է խուզարկել Խաչատրյանի տները։
«Դոն Կիխոտ» ռեստորանի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանն ազատ է արձակվել։ Դատարանը երեկ՝ օգոստոսի 28-ին, մերժել է նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25–ին երեկոյան մոտ 6-ին Շենգավիթի Դոն Կիխոտ ռեստորանի դիմաց փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Կրակոցներից սպանվել էր թաղային հեղինակություն 43-ամյա Համբարձում Առաքելյանը։ Հրազենային վիրավորումով հիվանդանոց էր տեղափոխվել «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանը: Քրեական գործում դեռեւս երկու մեղադրյալ կա՝ «Դոն Կիխոտ» ռեստորանի տնօրենը և եվս մեկ անձ, որ Երեւանի բնակիչ է՝ ծնված 1976 թվականին: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոցը՝ կալանավորում:
Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 475 դրամ, եվրոն 527 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 580, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 14 դրամ։
Օգոստոսի 29-ին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Տեղ-տեղ տեղումներն ինտենսիվ կլինեն: Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Երեւանում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +29+31:











