Երրորդ անգամ Արմավիրի քաղաքապետ վերընտրված Ռուբեն Խլղաթյանը ողջ-առողջ է եւ սրտի կաթված չի ստացել: Մինչդեռ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Խլղաթյանը նախօրեին ինֆարկտով տեղափոխվել է հիվանդանոց եւ նրա վիճակը վատ է: Քաղաքապետի ինքնազգացողության վատացման պատճառը, ըստ լուրերի, եղել են Արմավիրի քաղաքապետի` վերջերս տեղի ունեցած ընտրությունների ժամանակ արձանագրված  խախտումների առթիվ ՀՀ դատախազության ցուցումով հարուցված քրեական գործերը:  Համոզվելու համար, որ  Արմավիրի քաղաքապետի հետ ամեն ինչ կարգին է NEWS.am-ի թղթակիցներն այցելեցին Արմավիրի քաղաքապետարան, ուր եւ տեղի ունեցավ զրույցը վերընտրված Խլղաթյանի հետ: «Խլղաթյան Ռուբենն  էն տղէն չի, որ ինֆարկտը կարանա խփի»,-իր սրտի կաթվածի մասին լուրերը մեկնաբանելով` կատակեց Արմավիրի քաղաքպետն ու հավելեց, որ այդ լուրերի հեղինակը իր մրցակից թեկնածուի`Սեւակ Մինասյանն եւ նրա համախոհներն են, ովքեր նման ստահոդ լուրերի միջոցով հույս ունեն իրեն`Խլղաթյանին հունից հանել:    

«Ես նախկինում եղել եմ բարձր որակի մարզիկ։ Ձյուդո ըմբշամարտի գծով եղել եմ խորհրդային միության չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի եւ Հայաստանի սպորտի վարպետ եմ: Հիմա կենսուրախ նստած եմ ձեր առջեւ, ինձ շատ լավ եմ զգում»,-հայտնեց Խլղաթյանը:

Պարոն Խլղաթյան, ընտրություններից որոշ ժամանակ է անցել, սակայն հետընտրական զարգացումները շարունակվում են: Ընտրությունների օրը բազմաթիվ խախտումներ արձանագրվեցին, որոնց վերաբերյալ ՀՀ դատախազության ցուցումով հարուցվել են քրեական գործեր: Ձեր մրցակիցն էլ վարչական դատարան բողոք է ներկայացրել` ընտրացուցակներում տեղ գտած կեղծ տվյալների հետ կապված...

Դատախազությունը քրեական գործեր է հարուցել, ճիշտ եք ասում, բայց խնդրում եմ քամին թեքեք իմ մրցակից թեկնածուի կողմը: Քրեական գործերը հարուցվել են Սեւակ Մինասյանի եւ նրա աջակից անձանց կատարած գործողությունների մասով: Այդ մարդիկ էին, որ, չհաշտվելով պարտության հետ, ընտրությունների օրն ինչ ասես` անում էին, ընդհուպ` թմրանյութ էին բաժանում  մարդկանց եւ մարդիկ էլ, հաճույքի ազդեցության տակ, կատարում էին նրանց հրահանգները, ճանապարհ էին փակում եւ այլն: Հայր եւ որդի Մինասյանները  4 անչափահասի են առեւանգել, նրանց տարել են անհայտ վայր, իրենց փողերը հանել-տվել են այդ երեխաների ձեռքը եւ ստիպել են ոստիկանությանը հայտարարել, թե այդ փողերը ես եմ տվել, որպեսզի տանեն, եւ, որպես ընտրակաշառք բաժանեն ընտրողներին: Այսինքն՝ Արմավիրի քաղաքապետն այնքան հիմա՞ր է դարձել, որ անչափահաս երեխային փող տա ու ասի` տարեք ընտրակաշառք բաժանեք:  Ես կարծում եմ, որ ե՜ւ դատախազությունը, եւ դատարանը առկա նյութերի վերաբերյալ շատ կարեւոր հետեւություններ կանեն եւ արդարադատությունը կհաղթանակի:

ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել Արմավիրում քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ, եւ իր զորակցությունն էր հայտնել ոստիկանական գործողություններից տուժածներին, ինչպես նաեւ իր պատրաստակամությունն էր հայտնել նրանց իրավական օգնություն ցույց տալու հարցում։ Ի պատասխան ՀԱԿ տարածած հաղորդագության, Սեւակ Մինասյանի նախընտրական շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր, թե Արմավիրի քաղաքապետի թեկնածու Սեւակ Մինասյանը եւ իր համախոհները պաշտոնապես մերժում են ՀԱԿ-ի առաջարկը եւ ցանկացած այլ ուժի` նման առաջարկ, քանի որ պայքարում են իրենց քաղաքի վաղվա օրվա համար: Ինչպե՞ս եք վերաբերվում ՀԱԿ-ի աջակցությանը:

Եթե ես չճանաչեի Սեւակ Մինասյանին, կմտածեի, որ ՀԱԿ-ը ճիշտ ճանապարհի վրա է: Ես չեմ ուզում ՀԱԿ-ի մասին ինչ-որ բան ասեմ։ Ինչպես ասում են` իրենց մուրն իրենց գլուխը, բայց, որ կապ է եղել ՀԱԿ-ի եւ Մինասյանի միջեւ, դա հաստատ է: Ես տեղեկություններ ունեմ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները գիշերով հանդիպել են Մինասյանի հետ: Մարդ են, հիմա, ցանկություն են ունեցել մարզի դատախազի տղային աջակցել: Իսկ Սեւակ Մինասյանը հրաժարվեց ՀԱԿ-ի աջակցությունից` հետագայում գլխացավանքներ չունենալու համար,  քանի որ հարյուր տեսակի հարցեր կարող էին ի հայտ գալ:  

Պարոն Խլղաթյան, ասում եք, որ ձեր մրցակից թեկնածուին օգնել է հայրը`իր պաշտոնական լիազորությունները ծառայեցնելով որդու ընտրությանը: Իսկ ձեզ վերընտրվելու հարցում  որեւէ պաշտոնյա օգնե՞լ է, օրինակ` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: 

Պարոն Ղահրամանյանը բացի մարզպետ լինելուց նաեւ ՀՀԿ Արմավիրի մարզի կառույցի ղեկավարն է:  Ես էլ ի պաշտոնե քաղաքապետ եմ եւ համարվում եմ ՀՀԿ մարզի  նախագահի տեղակալը: Որպես ՀՀԿ-ականի, ամորալնի կլիներ, եթե Ղահրամանյանն ինձ չպաշտպաներ:

Ես նկատի ունեմ` առարկայական  աջակցություն ցուցաբերե՞լ է:

Եթե շատ եք ուզում իմանալ, ասեմ` 21 օր իմ նախընտրական շտաբը գործել է, եւ անգամ 1 անգամ նա իմ շտաբում չի եղել: Այդ ո՞նց նա ինձ օգնեց:

Այսինքն՝ դուք երրորդ անգամ քաղաքապետ եք ընտրվել բացառապես արմավիրցիների՞ քվեի միջոցով:

Այո, բացառապես իմ ընտրողների ձայների միջոցով եմ ընտրվել:

Կան տեղեկություններ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հնարավոր է նաեւ դուք առաջադրվեք որպես պատգամավորի թեկնածու:

Դրանք լոկ խոսակցություններ են, ուրիշ ոչինչ: Ես գործադիր իշխանություն մեջ ինձ լավ եմ զգում, գիտեմ աշխատանքային ոճը, եւ ամենամեծ արժանիքը, որ ունի մարդը, դա իր ընտրողի ձայնն է, որը ես ստացել եմ:

Իսկ ի՞նչ հարաբերությունների մեջ եք Արմավիրից ԱԺ պատգամավոր ընտրված Նահապետ Գեւորգյանի հետ: Խոսակցություններ կան, թե ձեր հարաբերությունները վատացել են, ընդհուպ` չեղյալ է հայտարարվել ձեր քավոր-սանիկությունը: 

Շատ բարձր: Չմոռանանք, որ ես 15-20 տարի Նահապետ Գեւորգյանի ընտանիքի քավորն եմ, մենք ունենք քավորի եւ սանահոր կարգավիճակ: Իսկ իմ եւ Գեւորգայնի վատ հարաբերությունների մասին  խոակցությունները պատի տակի խոսակցություններ են, որոնցից գարշահոտություն է գալիս:  Ամեն մեկն իր մակարդակի չափով է գնահատական տալիս:

Հ. Գ. Ռուբեն Խլղաթյանը խոստացավ, որ առաջիկայում, երբ վարչական դատարանը հրապարակի Սեւակ Մինասյանի հայցի վերաբերյալ վճիռը, ինքը ցնցող փաստեր է հրապարակելու Մինասյանի ընտանիքի գործունեության վերաբերյալ, մասնավորապես, թե ինչով են այսքան տարի զբաղված եղել Մինասյանն ու նրա հայրը: «Այժմ, ֆուտբոլային լեզվով ասած, հաշիվը 2:0- է` հօգուտ ինձ, իսկ երբ ես հրապարակեմ այդ փաստերը, հաշիվը կլինի 3:0: Սակայն առայժմ սպասում եմ»,-ասաց Արմավիրի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` Արմավիրի քաղաքապետի ընտրություններին մասնակցել էր 14 հազար 164 մարդ: Ռուբեն Խլղաթյանը ստացել էր 6849, Սեւակ Մինասյանը` 5811, Առնակ Գեւորգյանը` 710, իսկ Կարեն Վարդանյանը` 330 ձայն:

Պատրաստ ենք հրապարակել նաեւ Սեւակ Մինասյանի տեսակետը` վերոշարադրյալի վերաբերյալ:

Զրուցեց` Հեղինե Մանուկյանը

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի