Թմրամոլը տանը բենզինով դեղահաբերով եւ այլ նյութերով թմրամիջոց պատրաստելիս, երբ ցանկացել է վառել գազօջախը, տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով վնասվել է հարեւան բնակարանի պատը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 12-ին Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի մի բնակչուհի ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ հարեւանը՝ ոմն Հակոբ, վնասել է իր բնակարանի միջնապատը:
Պարզվել է, որ Հակոբը 53-ամյա Հակոբ Գ.-ն է: Նրա բնակարանի զննությամբ պայթուցիկ սարքի ազդեցության հատկանիշներ չեն հայտնաբերվել, սակայն հայտնաբերվել եւ առգրավվել է օգտագործած 11 ներարկիչ, որոնցից մեկի մեջ եղել է 1,5 գ լուծույթ, տարբեր չափսի 5 տարա, որոնցից երեքում` բենզինի հոտով լուծույթ, իսկ երկուսում՝ դեղնավուն 36 հաբ:
Հակոբ Գ.-ն բաժնում բացատրություն է տվել, որ տանը բենզինով, դեղահաբերով եւ այլ նյութերով թմրամիջոց պատրաստելու ժամանակ պայթյուն է որոտացել:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:





























