Ազատության հրպարակում 15 օր շարունակ հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցող հազարավոր մարդիկ հորդորել են դադարեցնել հացադուլը եւ առաջնորդել համակարգային փոփոխություններին միտված քաղաքացիական շարժումը: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը` այն անվանելով պայքարի առաջին փուլ կամ արար եւ խոստանալով ապաքինվելուց հետո անմիջապես վերադառնալ պայքարի առաջին գիծ` բոլորիս հետ համահավասար ու քաղաքացիական պայքարի նույն շղթայի վրա:

Չնայած իշխանական ու ընդդիմադիր դաշտերից հնչած սակավաթիվ անպարկեշտ, ցինիկ, զրպարտչական ու անբարո քննադատություններին, նմաններին նա պատասխանեց հնդիկ ականավոր հեղափոխական գործիչ Մահաթմա Գանդիի խոսքերով. «Նախ անտեսում են քեզ, հետո` արհամարհում, ապա հարձակվում են քո վրա, իսկ վերջում դու հաղթում ես»,- ասել է Սաֆարյանը:

«Այս 15 օրերի ընթացքում առնվազն մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների համար հասարակության խիղճն այլեւս արթնացած է, քաղաքացիական գիտակցությունը դուրս է բերված անհատապաշտական ու կռապաշտական պաշարումից, բարոյականության հարցը բերված է քաղաքականություն, իսկ քաղաքացու ու մարդու իրավունքն ու խնդիրը եւ ազգային-պետական շահն այլեւս ֆիքսվել են քաղաքականության առանցքում: Պայքարի հաջորդ փուլերով մենք պետք է հասնենք նրան, որ այլ քաղաքական ուժերի, եւ առաջին հերթին գործող իշխանության համար սրանք նույնպես դառնան պարտադիր չափանիշներ: Իսկ եթե ոչ, ապա դա պետք է լինի նոր ձեւավորվելիք իշխանության որակն ու նրան ներկայացվող պահանջները:

Սա է լինելու մեր բոլորիս շարունակվող պայքարի տրամաբանական ավարտը, անկախ նրանից, թե մեզ` տասնյակ հազարավոր պայքարող քաղաքացիներիս, ովքեր կանտեսեն, ապա կարհամարհեն, իսկ հետո կհարձակվեն մեր վրա, որովհետեւ ճշմարտությունն ու բարոյականությունը, մարդասիրությունն ու ազատությունն ի վերջո հաղթել են, եւ մեր պայքարը նույնպես պսակվելու է հաղթանակով: Այդպես հաղթել է եւ Մահաթմա Գանդիի շարժումը»,- նշել է նա: