Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` ապրիլի 1-ին այցելել է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում` ծանոթանալու իրականացվող ծրագրերին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ եղել է մի շարք գյուղերում: Նա քննարկել է Իծաքար-Բերդ- Արծվաբերդ-Չինարի 43 կմ ճանապարհահատվածի վերակառուցման նախապատրաստական աշխատանքերի հետ կապված հարցեր: Վերակառուցման համար միջոցներ են նախատեսված Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով:
Բերդ քաղաքում եւս Ա. Գեւորգյանին ներկայացվել է տարբեր միջոցներով իրականացվող կապիտալ ծրագրերը, որոնց ծավալը ավելի քան 205 մլն դրամ է: Մասնավորապես` առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով այս տարի կվերակառուցվեն քաղաքի արհեստագործական դպրոցը, կենտրոնական փողոցը: Պետբյուջեի գումարներով շարունակվում է երաժշտական դպրոցի հիմնանորոգումը, որի աշխատանքները մեկնարկել են 2007թ. եւ նախատեսվում է ավարտին հասցնել 2012թ-ին: ՀՍՆՀ միջոցներով վերակառուցվում է նաեւ քաղաքի թիվ 2 դպրոցի մարզադահլիճը, որը պատրաստ կլինի այս ամռանը:
Վարագավան գյուղում Ա. Գեւորգյանն այցելել է պահածոների գործարան, ծանոթացել հզորություններին, առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ գործարանը միրգ է մթերում տարածաշրջանի համայնքներից` որոշ չափով նաեւ լուծելով բերքի իրացման խնդիրը: Արտադրանքը նաեւ արտահանվում է:
Պետբյուջեից միայն 340 մլն դրամ հատկացվել է Վարագավանի հատվածում հանրապետական նշանակության ճանապարհի վերակառուցմանը:
Այցի արդյուքներն ամփոփվել են Տավուշի մարզպետարանում անցկացված խորհրդակցությամբ: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարել է տեղեկատվություն ներկայացնել ռազմական գործողությունների հետեւանքով բնակիչների տներին հասցված վնասի փոխհատուցման վերաբերյալ:





























