Արտակարգ պատահար Մաշտոցի զինկոմիսարիատում։ Հատակի փլուզումից 14 զինակոչիկ ու ծնող հայտնվել են նկուղում։ Մահ՝ ենթադրյալ գողությունից րոպեներ անց։ 60-ամյա կասկածյալը սուպերմարկետում մի կնոջ պայուսակ էր հափշտակել։ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։ Որդին չի զարմանում. «պատկերացրեք Լուսինե Աբգարյանի վիճակը, եթե ազատ արձակեր հորս»։ Պատահականությո՞ւն, թե՞ օրինաչափություն։ Դատավորներից ամենաբարձր վարկանիշը ստացել է Ալեքսանդր Ազարյանը, ամենացածրը՝ ի տարբերություն նրա, երկրորդ նախագահին կալանքի մեջ թողած Արմեն Դանիելյանը։ Աղավնիներով, դրոններով ու գյումրվա քյալլայի մեջ… Ի՞նչ ճանապարհներով են թմրանյութ հասցրել բանտարկյալներին, եւ որքա՞ն արժեր մարմնավաճառի հետ երկարատեւ տեսակցությունը։ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին». Փաշինյանն ու նրա ընտանիքը մեկ ժամով փախել են կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից։ «Ուշքի արի, քանի ուշ չէ». «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահի կոչը վարչապետին։
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանում։ Մաշտոցի զինկոմիսարիատում առաջին հարկի հատակը փլուզվել էր, ինչի հետևանքով զինակոչիկներն ու նրանց ծնողները հայտնվել էին նկուղում։ Տուժել է 14 մարդ։ Նրանցից 3–ի վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Եվս մեկ արտակարգ պատահար՝ կրկին Երևանում։ 58–ամյա տղամարդուն, որին կասկածել են «Երևան սիթիում» քաղաքացու պայուսակը գողանալու մեջ, տարել են մենեջերի սենյակ։ Այստեղ տղամարդը կարճ ժամանակ անց մահացել է։ Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են գողոնը։ Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական վարկածով՝ նա հանկարծամահ է եղել։
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է միջնորդությունը, որով երկրորդ նախագահի պաշտպանները բողոքարկում էին խափանման միջոց գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։
Իշխանության ներկայացուցիչների ու նրանց աջակիցների կողմից հիմա էլ թիրախավորվել են Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահին ազատ արձակելու կոչով հանդես եկած մշակույթի ու հանրային գործիչները, լրագրողների հետ զրույցում արձանագրել է Ռոբերտ Քոչարյանի որդին։ Լեւոն Քոչարյանն ասել է, որ Վերաքննիչի այս որոշումն էլ իրենց համար անսպասելի չէր։
Դատավորների վարկանիշավորման 2019-ի արդյունքներով «Թափանցիկ ձեռք 2019» մրցանակին արժանացել է փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որը երկրորդ անգամ անընդմեջ է ստանում այս դափնին։ Ամենացածր գնահատականը ստացել է Արմեն Դանիելյանը։ Ուշագրավ է, որ առաջինն ազատ էր արձակել երկրորդ նախագահին, իսկ երկրորդը դարձյալ կալանավորելու որոշում կայացրել։
Տարին ավարտում ենք լավ տրամադրությամբ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ օրակարգի բոլոր հարցերի շուրջ մասնակիցները կոնսենսուսի են եկել:
Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտների ծնողները մի քանի օր տեւած դասադուլից ու գործադուլից հետո Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են արել, որպեսզի նամակ փոխանցեն Նիկոլ Փաշինյանին։ Պատճառը նոր տնօրենի նշանակումն է, ինչին ուսուցչական անձնակազմն ու ծնողները համաձայն չեն։ Ծնողներն ասել են, որ դպրոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ եւ իրենցից 200-ը պատրաստվում են իրենց երեխաներին հանել դպրոցից։
Նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ հաշվարկի դեպքում ակնհայտ է, որ Նաիրտի վերագործարկումը շահութաբեր է, կառավարության դիմաց Նաիրիտը կրկին աշխատեցնելու պահանջով ակցիայի ժամանակ հայտարարել է «Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը։ «Նաիրիտի պահպանման ծախսերը թողնվել են հենց Նաիրիտի վրա, իսկ Նաիրիտը չի աշխատում, եկամուտ չունի, նաև սնանկ է ճանաչված, եւ այդ ծախսերը Նաիրիտի վրա թողելը նշանակում է քանդել, վաճառել, թալանել գործարանը», ասել է նա։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, թե թույլ չեն տալու, որ Նաիրիտի վերջին հոսքագիծը վաճառվի։
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը լրագրողներին տվյալներ է փոխանցել համակարգում հոռի բարքերից ազատվելու ուղղությամբ կատարած ջանքերի մասին։ Ըստ նրան հասած լուրերի՝ որոշ, այսպես ասած, ծառայությունների համար սահմանված են եղել սակագների կայուն դրույքաչափեր։ Օրինակ՝ հասանելիքից ավելին կարճատև տեսակցության համար դրույքաչափը եղել է 100 դոլար, երկարատև տեսակցության կամ մարմնավաճառների ծառայության համար դրույքաչափ՝ 300 դոլար։
Արթուր Գոյունյանը պատմել է նաեւ, որ կանխվել են դատապարտյալներին հանձնուքներ հասցնելու տարբեր մեխանիզմներ։
Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երեւում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տան շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Շուշանն էլ՝ իր սովորության համաձայն ամեն ինչ նկարեց, երեկոյան Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութի տակ գրել է Նիկոլ Փաշինյանը, գրության մեջ շեշտելով «Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»: Վարչապետը նկատի է ունեցել Մարիամ Փաշինյանի կամ նրա անվտանգության ծառայության համար գնված մեքենայի շուրջ աղմուկը, թերեւս նաեւ իր պնդումներն ու դրանց հերքումները։
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառմամբ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել արգելել իր երեխաներին արտահայտվել ներքաղաքական հարցերի, իսկ կնոջը՝ Արցախի հարցի եւ բանակի վերաբերյալ։ «Խնդրում եւ պահանջում եմ սահմանափակել քո ընտանիքի անդամների քաղաքական ակտիվությունը՝ նրանց անհարկի քաղաքական թիրախավորումից խուսափելու համար։ Ուշքի արի, քանի ուշ չէ», գրել է Արթուր Ղազինյանը:
Տեսա ֆեյսբուքյան հայտնի լուսանկարը, որտեղ երեխան կոչ էր անում արյուն հանձնել, դոնոր լինել, միանգամից մտածեցի, որ պետք է անեմ, լրագրողներին ասել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն այցելած վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.46 դրամով եւ կազմել 478.35 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.45 դրամով ու կազմել 531.78 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.79 դրամով ու կազմել 623.58 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան աճել է ու հասել 7.69 դրամի։
Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին փոքր-ինչ նվազի: Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին տեղումներ չեն լինի; Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +9+11։











