Եթե ներքին հեղափոխականը չարթնանա, արտաքին հեղափոխության մասին խոսելն անիմաստ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սկսնակ գրող Անժելա Դարբինյանը (Դառանժ)՝ խոսելով իր հեղինակած «Ներքին հեղափոխություն/NulluS» վեպի մասին։
«Գրքի խորհուրդը սեփական «Ես»-ի և ինքնաճանաչողության մասին է։ Վեպը ուղղորդում է ընթերցողին ընդունել և հասկանալ մարդ արարածի բոլոր՝ թե՛ լավ և թե՛ վատ կողմերը։ Ներքին հեղափոխություն, քանի որ մեր օրերում դա առաջնային խնդիրներից է: Եթե ներքին հեղափոխականը չարթնանա, արտաքին հեղափոխության մասին խոսելն անիմաստ է։ Կարծում եմ տվյալ խնդիրն այնքան է հասունացել, որ արդեն պարտադրում է խոսել և բարձրաձայնել իր մասին»,-նշեց նա։
Անժելա Դարբինյանը նշեց, որ գիրքը սկսել է գրել դեռ 2017 թվականին․ «Ի սկզբանե այն գրված էր ներքին բախման, հասարակության հետ անհամաձայնության շրջանում։ Պարզ է, որ մարդիկ միանգամից զուգահեռներ են տանում երկրում տեղի ունեցած հեղափոխության հետ, սակայն վեպը պատմում է մարդ արարածի ներքին անհնազանդ և միևնույն ժամանակ իր «Ես»-ը կորցրած և գտած հերոսների մասին։ Գիրքը գրվել է երեք տարիների ընթացքում: Հիմա ետ նայելով հասկանում եմ, որ վեպի առաջին բառը ճիշտ ժամանակին գրվեց և ճիշտ ժամանակին իր ավարտին մոտեցավ»։
Նա նաև խոսեց Հայաստանում ստեղծագործողի համար առկա պայմաններից, ասաց՝ շատ դժվար է, իսկ սկսնակի համար երկակի դժվար է․ «Կցանկանայի ապրել և ստեղծագործել այնպիսի Հայաստանում, որ «գրող»-ը համարվեր մասնագիտություն, որպեսզի բացվեին համապատասխան ֆակուլտետներ, ինչպես արտերկրում։ Չնայած բոլոր դժվարություններին փորձում եմ կերտել նորը, ցանկանում եմ նույնիսկ գրքի հիման վրա ներկայացում բեմադրել։ Սա առանձին խնդիր է, որը ի դժբախտություն ստեղծագործողի, ոչ մի փոփոխության չի ենթարկվում»։




























