Նիդեռլանդների ոստիկանությունը զգուշացնում է, որ երկրում տարբեր հասցեներով շարունակում են ստացվել ռումբերով նամակներ եւ ծանրոցներ: Վերջին շաբաթվա ընթացքում այդպիսի ուղերձներ են ստացել Ամստերդամում, Ռոտերդամում եւ Ուտրեխտում մի քանի ֆիրմաներ: Բոլորի վրա աչքի էր զարնում վճարումների հավաքման CIB գործակալության լոգոտիպը, փոխանցում է Euronews-ը:

Պայթուցիկ սարքերից ոչ մեկը չի գործել, բայց իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել աչալրջություն դրսեւորել. ռումբերն իսկապես վտանգավոր են եւ կարող են մեծ վնաս պատճառել: Հեռուստատեսությամբ ցուցադրել են նաեւ լոգոտիպը, որից անհրաժեշտ է զգուշանալ:

Հերթական պայթյունավտանգ նամակը ստացվել է նախօրեին մայրաքաղաքի «Օկուրա» հյուրանոցում: Ուրբաթ սպառնալիքներով նամակ է ստացել նաեւ Մաաստրիխտում «Ամրո բանկը»: Ոստիկանության տեղեկություններով այն ստացվել էր նույն ուղարկողից, բայց արդեն առանց ռումբի:

Ռումբերն ուղարկելու դրդապատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Ոստիկանությունը չի բացառում, որ սա շանտաժ է: Ստացողների թվում են՝ Ուտրեխտում անշարժ գույքի գործակալ, Ամստերդամում եւ Ռոտերդամում ավտոլցակայաններ, ինչպես նաեւ ավտոդիլեր: