Fortnite առցանց շութերը դարձել է 2019 թվականի ամենաշահութաբեր տեսախաղը: Այն իր մշակողներին՝ Epic Games ընկերությանը բերել է 1,8 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է SuperData Research վերլուծական ընկերությունը:
Շահույթի մակարդակով երկրորդ տեղը կիսել են Dungeon Fighter Online եւ Honour of Kings խաղերը: Դրանցից յուրաքանչյուրը վաստակել է 1,6-ական մլրդ դոլար: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է League of Legends-ը, որն իր ստեղծողներին բերել է 1,5 մլրդ դոլար, փոխանցում է «Մեդուզան»:
Թվարկված բոլոր խաղերը դասվում են պայմանական անվճարներին: Այսպիսի խաղերին է բաժին ընկել խաղային ինդուստրիայի վաստակի 80 տոկոսը, հայտնում է SuperData Research-ը: Անցյալ տարում տեսախաղերի մշակողները ընդհանուր վաստակել են ավելի քան 120 մլրդ դոլար:
Epic Games ընկերությունը Fortnite-ը թողարկել է 2017 թվականին: 2019-ի մարտին խաղը մշակողները հայտնել են, որ դրանում գրանցվել է 250 մլն խաղացող:
Երկրորդ տարին անընդմեջ Fortnite-ն ստանում է ամենաշահութաբեր տեսախաղի կարգավիճակը: Այն 2018 թվականին մշակողներին բերել է խաղային ինդուստրիայի պատմության մեջ ռեկորդային՝ 2,4 մլրդ դոլար:




























