Իրաքի իշխանությունները սկսել են երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման մեխանիզմ ստեղծել: Այս մասին հայտարարել է երկրի զինված ուժերի հրամանատար Աբդել Քերիմ Խալֆը, հաղորդում է ՌԲԿ-ը՝ հղում անելով Al-Jazeera-ին:

Նրա խոսքով՝ Իրաքի կառավարությունը սահմանափակել է «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցով ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ուժերի ցամաքային եւ օդային շարժը:

Խալֆը նաեւ նշել է, որ կառավարության պատրաստած մեխանիզմը ներառում է ավիացիոն աջակցության հարցեր: Նրա խոսքով՝ ամերիկացի զինծառայողների ավիահարվածը, որի արդյունքում զոհվեց իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, «մեջքից հարված է»:

Նախօրեին Իրաքի խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որը նախատեսում է երկրի տարածքում օտարերկրացի զինվորականների ներկայության արգելք: Դրան ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պատժամիջոցներ սահմանել Իրաքի դեմ:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ը Բաղդադի օդանավակայանի շրջանում գործողություններ է անցկացրել, որոնց հետեւանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ Իրաքում շիական աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուխանդիսը, որոնց Վաշինգտոնում համարում են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչներ: Պենտագոնում հայտնել են, որ հարվածը հասցվել է Թրամփի հրամանով եւ պաշտպանիչ բնույթ է կրել: Թեհրանում խոստացել են վրեժ լուծել եւ հարվածներ հասցնել ամերիկական օբյեկտների ուղղությամբ:

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին եռօրյա սուգ է հայտարարել եւ ասել է, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերի վրա է Սոլեյմանիի եւ մյուս տառապյալների արյունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Իրանում 52 թիրախների ուղղությամբ «արագ եւ ուժեղ հարված հասցնել», եթե հարձակման ենթարկվեն ամերիկացիները: