Մեքսիկայի արեւմուտքում Խալիսկո նահանգի տարածքում հայտնաբերվել է 18 մարդու մասունքով զանգվածային թաղման վայր, նշված է տեղական դատախազության Twitter-յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Աշխատանքի ընթացքում... հայտնաբերվել են 18 մարդու մարմինների տարբեր մասեր»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ: Այս պահին հաստատվել է 4 զոհվածի անձը: Մասունքների հայտնաբերման վայրում աշխատանքը շարունակվում է:
Հաղորդվում է, որ մասունքները գտել են անցյալ տարվա նոյեմբերին 15 մարդու ձերբակալությունից հետո սկսված քննության շրջանակում: Քննության վարկածով՝ նրանք բոլորը թմրակատելներից մեկին անդամներ են եւ զբաղվում էին մարդկանց առեւանգումներով, խոշտանգումներով ու սպանությամբ: Գործողության ժամանակ նաեւ հաջողվել է ազատել 8 մարդու, ներառյալ 2 արտասահմանցու, որոնց գերության մեջ էին պահում: Քննիչներին ավելի ուշ հաջողվել է պարզել եւս 3 վայր, որոնք կարտելի անդամներն օգտագործել են տարբեր հանցագործությունների կատարման համար:
Մինչ այդ Խալիսկո նահանգում քննիչներին հաջողվել էր հայտնաբերել երկու զանգվածային թաղման վայր։ Դրանցից մեկում գտնվել են 31, երկրորդում՝ 50 մարդու աճյուններ։
Մեքսիկայի ներքին գործերի փոխնախարար Ալեխանդրո Էնսինասը հունվարին տեղեկացրել էր, որ ավելի քան 60 հազար մարդ 2006 թվականից, երբ սկսվել է այսպես կոչված թմրակարտելների պատերազմը, մինչեւ 2019 թվականը երկրում անհայտ կորել է։ Իշխանությունների հաշվետվությունում նշված թիվը Մեքսիկայում 1964-2019 թվականների ընթացքում անհայտ կորածների ընդհանուր թվի 97,5 տոկոսն է կազմում։ Բացի այդ, կան եւս 8 հազար մարդիկ, որոնց անհետացման ժամանակն անհայտ է մնում։





























