Պետական գաղտնիքի հետ առնչվող մարդիկ պետք է իրենց ավելի հասուն պահեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինա Պողոսյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության մասին, որ իշխող խմբակցությունը նոր վարչապետ պետք է ընտրի։
«Արթուր Վանեցյանի խոսքերը ես չեմ մեկնաբանում։ Արթուր Վանեցյանն առհասարակ ուրիշ տեսակ պատասխանատվություն պետք է կրեր, որովհետև կարծում եմ մարդիկ, որոնք զբաղեցնում են պաշտոններ, որոնք առնչվում են պետական գաղտնիքի հետ, պետք է իրենց ավելի հասուն պահեն, հասկանան իրենց քայլերի լրջությունը։ Այն, ինչ նրանք ասում են տեսախցիկների առաջ, լսում են ոչ միայն այստեղ, այլ նաև սահմանից այն կողմ մեր հակառակորդները։ Մի քիչ թող պատիվ ունենան իրոք և գիտակցեն, թե իրենց ինչ աշխատանք է վստահված եղել և իրենք այդ կարճ ժամանակահատվածում ինչ պետք է անեին, որ չեն արել, ու հիմա ուժեղ տղաներ են խաղում»,-նշեց նա։
Պատգամավորը խոսեց իրավական պատասխանատվության մասին․
«Մարդը, որը ղեկավարել է ԱԱԾ-ն և գործի բերումով առնչվել է պետական գաղտնիքներին, պետք է գիտակցի, թե ինչ պատասխանատվություն է։ Իսկ հիմա Արթուր Վանեցյանը սպառնում է, ինչո՞վ է սպառնում՝ պետական գաղտնիք հրապարակելո՞վ, լո՞ւրջ։ Եթե սպառնում է, ես կոչ եմ անում՝ թող հրապարակի, և արդեն պատասխանատվություն կրի իրավական, եթե այդքան ուժեղ տղա է և սպառնում է»։











