Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում այսօր՝ հունվարի 31-ին, հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուի հետ:
Հանդիպման մեկնարկին ՀՀ վարչապետը շնորհավորել է Իոն Կիկուին Մոլդովայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Իհարկե, մեր երկրների միջեւ առկա են քաղաքական շատ լավ հարաբերություններ: Մեր երկրները ունեն հումանիտար, մշակութային կապերի շատ հարուստ պատմություն, բայց, ցավոք, մենք չենք կարող պարծենալ մեր առեւտրատնտեսական կապերի մակարդակով: Իհարկե, դրա համար կան եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ բացատրություններ, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է բարձրացնենք տնտեսական հարաբերությունների, առեւտրաշրջանառության մակարդակը, ինչը 21-րդ դարում լուծելի հարց է»,-ընդգծեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ. «Ինչո՞ւ եմ ես հատկապես ընդգծում առեւտրատնտեսական հարաբերությունների հարցը, որովհետեւ այլ հարցերում մենք չունենք եւ չենք ունենա ոչ մի խնդիր»:
Իր հերթին Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն նշել է, որ Հայաստանն ու Մոլդովան տնտեսական կապերը զարգացնելու մեծ ներուժ ունեն, որովհետեւ եւ՛ Հայաստանը որոշակի ուղղություններով ունի որոշ առավելություններ, եւ՛ Մոլդովան ունի այդպիսի առավելություններ: «Հաշվի առնելով Հայաստանի նախաձեռնողականությունը, մենք կարող ենք շատ լավ այդ հնարավորությունն օգտագործել: Իհարկե, մենք ունենք որոշ ուղղություններ, որտեղ մենք գտնվում ենք ոնւյն մակարդակի վրա, բայց մենք ոչ մի դեպքում մրցակիցներ չենք, մենք միայն կարող ենք գովել հայկական կոնյակը»,-ասել է Կիկուն՝ հավելելով, որ տարբեր ուղղություններով կարող են արագացնել երկկողմ հարաբերությունների զարգացումը:
«Ես կարծում եմ, որ հարկավոր է վերսկսել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները: Դա տարբեր հարցերի քննարկման լավ հարթակ է եւ համագործակցությունը զարգացնելու հնարավորություն»,- ասել է Մոլդովայի վարչապետը:
Իոն Կիկուն Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Մոլդովա:











