«Իմ և Նիկոլ Փաշինյանի միջև եղել են տարաձայնություններ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ իմ հրաժարականի տեքստում: Տարաձայնությունները հիմնականում եղել են քաղաքացու, հասարակության և պետության ընկալումների մեջ: Մեր տարաձայնությունները եղել են առհասարակ կյանքի ընկալման և վերաբերմունքի մեջ: Ես Նիկոլ Փաշինյանին հրաժարականիցս առաջ և առավել ևս հրաժարականիցս հետո ոչինչ պարտք չեմ: Ես կատարել եմ իմ աշխատանքը, արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի հեղափոխության  ժամանակ մեր հասարակությանը տված խոստումներն իրականան: Բարոյական չէր լինի, եթե կոմֆորմիզմից ելնելով՝ շարունակեի զբաղեցնել իմ պաշտոնը և չբարձրաձայնեի վտանգների մասին»,-տպագիր մամուլի ղեկավարների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ինչ վերաբերում է  պնդումներին, թե նա հեղափոխության արդյունքում է հանրային լայն ճանաչում ձեռք բերել, Վանեցյանն արձագանքեց, որ իր աշխատանքը վերջին 20 տարիներին հանրային գործունեություն չի ենթադրել և դա է պատճառը, որ  հանրային ճանաչում չի ունեցել:

«Նիկոլ Փաշինյանից բացի, իշխանության եկած մարդկանց 98 տոկոսը հանրային ճանաչում չի  ունեցել:  Իշխանության գալուց հետո յուրքանչուրն իր աշխատանքով  կարողացավ  իր տեղն ու դերը զբաղեցնել հասարակության մեջ: Բոլորդ ականաես եք, թե ինչ հանրային մեծ վստահություն է ձեռք բերել Ազգային անվտնագության ծառայությունը, հասարակության կողմից ինչ վերաբերմունքի եմ արժանացել ես՝ որպես ԱԱԾ տնօրեն»,-հավելեց նա:

Հարցին՝ հրաժարականից հետո ափսոսանքի զգացում ունեցե՞լ է ԱԱԾ նախկին տնօրենը, պատասխանեց.  «Ոչ, չեմ ափսոսում հրաժարականի համար, ես ափսոսում եմ, որ մենք չեն կարողացել  արդարացնել այն բազմահազարանոց մարդկանց հույսերը, քաղաքացիների սպասումները: Ընդհակառակը, եղել են շատ մեծ հիասթափություններ»: