Որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, բացի այն, որ հեղինակը հետ է կանչել նախագիծը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահեիթ նիստի օրակարգում ընդգրկված աղմկահարույց նախագծերը հետ կանչելուն:
Նա նշեց, որ հետ կանչելու հիմք կարող են լինել ստորակետ կամ որեւէ բառ փոխելը. «ԱԺ խորհրդի նոր նիստը քննարկելու է նոր նախաձեռնություն: Եկեք հասկանանք, որ եթե ԱԺ նիստը չեղարկվել է, դա նշանակում է, որ այն օրակարգը, որ մենք հաստատել ենք, այլեւս գոյություն չունի: Օրակարգ է բերվելու նոր հարց»,-ասաց նա՝ հավելելով, որ չգիտի, թե ինչպիսին է լինելու նոր նախագիծը, դրա մասին կիմանան խորհրդի նիստում:
Ալեն Սիմոնյանը հավաստիացրեց, որ այս հարցում «Իմ քայլը» խմբակցությունում որեւէ տարաձայնություն չկա. «Եթե պետք լինի 88-ս էլ կստորագրենք, եւ բոլորիս մոտ նույն կարծիքն է, որ ՍԴ-ի ճգնաժամը լուծվելու է: Որեւէ գաղտնիք չկա, որ սա արվում է այդ ճգնաժամը լուծելու համար: Մենք ունեցել ենք հեղափոխության տարբեր փուլեր՝ կախված իրավիճակից: Մենք ընտրել ենք տարբեր մարտավարություններ. Մի դեպքում որոշել ենք ՀՀ քաղաքացիներին հրավիրել ԱԺ-ի մոտ, որոշել ենք փողոցներ փակել, որոշել ենք ձեռք մեկնել ՍԴ դատավորներին, հիմա այս ձեւով, այո, Քաղաքական որոշում է կայացվել եւ ՍԴ-ում եւ ընդհանրապես դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին բաստիոն, որ մնացել է հին Հայաստանից»:
Նա ընդգծեց, որ այս դեպքում որեւէ անփութության մասին խոսք լինել չի կարող, սա մարտավարություն է:











