Հայաստանի իշխանությունը որեւէ քայլ չի արել եւ չի անելու, որը դեմ կլինի ժողովրդավարության սկզբունքներին. Որեւէ միջազգային կառույց, որեւէ զեկույց մինչ այս պահը հայաստանի դեմ չի եղել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախօրեին ԵՄ դեսպանների հետ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպմանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, նվիրված է եղել Աժ-ում «Իմ քայլի» կողմից ներկայացված նախագծերի քննարկմանը:

«Իսկ եղած կարծիքները, արձագանքները եղել են ընդամենը ստեղծված իրավիճակի արձանագրում: Նաեւ զսպվածության կոչ է եղել, քաղաքական դաշտից դուրս գալու կոչ է եղել այն կողմին, որն այսօր զբաղվում է քաղաքականությամբ եւ հին աշխարհից մնացած մարդիկ են: Սա մեր գնահատմամբ: Իրենց գնահատմամբ, միգուցե կոչը մեզ է ուղղված: Բայց զսպվածության կոչը, հարցը ընդհանուր գնահատականը, զեկույցը պետք է իրարից տարբերենք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ դեսպանների հետ հանդիպմանը ներկա չի եղել, բայց տեղեկացել է, որ խոսակցություն է եղել ստեղծված իրավիճակի մասին, մտքերի փոխանակություն է եղել եւ ամբողջ ինֆորմացիան հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում:

«Մենք որեւէ խնդիր չունենք որեւիցե երկրի, որեւիցե դեսպանատան, որեւիցե միջազգային ժողովրդավարական կառույցի հետ: Հանեք այդ հարցը օրակարգից: Եկել են ԱԺ, լավ են արել, բարի գալուստ, քննարկել ենք, գնացել են: Վերջիվերջո, մենք բոլորս պատասխանատու ենք առաջին հերթին Հայաստանի ժողովրդի առջեւ»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե իշխանությունը հակված է հանրաքվեի՞ դնել կոնկրետ այս սահմանադրական փոփոխությունը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես ձեզ հիմա դա չեմ ասի, բայց կասեմ հետեւյալը, որ մենք որեւէ խնդիր չունենք հանրաքվեի դնելու հետ կապված: Նաեւ վարչապետը հայտարարել է, որ ուղիղ կառավարումը մեզ համար ամենաընդունելի եւ գործածելի տարբերակն է»:

Դիտարկմանը, թե հանրաքվեի տարբերակը չի՞ բացառվում, նա արձագանքեց, որ չի բացառում, որ ամեն տարի 2-3 հանրաքվե տեղի ունենա, եթե կլինեն համապատասխան հարցեր. «Դրա այլընտրանքը փակ սենյակներում որոշումներ կայացնելն է, մենք գնալու ենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ամենաբաց տարբերակի: Այո, ժողովուրդն է որոշելու, եթե մենք խնդիր ունենք»:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Փաշինյանին ասել է, որ եթե ԱԺ-ն ընդունի այդ աղմկահարույց օրինագծերը, ինքը դրանք չի ստորագրի, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի. «Ցավոք, այսօր լրատվամիջոցների տեղեկությունների գերակշիռ մասը գուշակությունների եւ իրականության հետ կապ չունեցող բաներ են»: