Լավ եք անում, որ պայքարում եք, մեկի դեմ պայքարեք, հարյուրի դեմ պայքարեք, հազարի դեմ պայքարեք, բայց օրենքով պայքարեք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով հրավիրված արտահերթ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Օրենքի խախտումները մի կուտակեք ձեր վրա, որ հետագայում այդ օրենքի խախտումներով մի գործընթաց սկսվի, որից տուժողը դուք չեք, Պողոսը չի, Պետրոսը չի, ՀՀ-ն է։ Ես պարոն Հովակիմյանի ելույթը լսեցի, բայց չտեսա որևէ իրավական հիմնավորում նախագծին։ Այո՛, լրագրողական ելույթ էր, գուցե որոշակի պատմական ելույթ էր։ Բայդ արդյոք պատմական կամ լրագրողական ելույթներով կարող ենք հիմնավորել սահմանադրական փոփոխությունները։ Պայքարը, նպատակը ըմբռնելի է, բայց արդյոք այն միջոցները, որոնք ձեր կողմից օգտագործվում են, մակերեսային չեն։ Իմ խորին համոզմամբ՝ մակերեսային են, որովհետև դրա արդյունքում դուք շատ իրավական դրույթներ անտեսում եք, խախտում եք, իսկ հետագայում այս ամբողջ պրոցեսը պետք է իր վրա կրի այդ խախտումները, և չեք կարողանալու դրա տակից դուրս գալ։ Առաջին խախտումը տեսանք՝ ընթացակարգային խախտում, բարձրաձայնեցինք, առաջին կուրսի իրավաբանականի ուսանողի մակարդակով բացատրել ենք, գիտեք, չեք ուզում ընկալել, ինչո՞ւմն է պատճառը։ Միթե կարելի է նման մակերեսային վերաբերմունք դրսևորել սահմանադրական փոփոխությունների հետ կապված։ Ձևավորվում է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչո՞ւ եք խուսափում համակարգային լուծումներից»,-նշեց պատգամավորը։
Սիմոնյանն ասաց՝ ինչու են մեղադրույմ բոլորին, բացի իրենցից․
«Դուք անընդհատ նշում են, թե բոլորը մեղավոր են։ Բայց միգուցե նաև ներս նայենք, տեսնենք՝ կարո՞ղ է ձեր ընտրած միջոցներն են սխալ: Ինչո՞ւ հարցականի տակ չեք դնում ձեր ընտրած միջոցները: Բոլորը մեղավոր են՝ բացի ձեզնի՞ց»:
Սիմոնյանը հիշեցրեց՝ Վենետիկի հանձնաժողովը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասով նշել էր, որ չպետք է առաջանա իրավիճակ, որ դատավորների մեծ մասը դուրս գա աշխատանքից, քանի որ դա հակասահմանադրական է․ «Ձեր այս նախագիծը միանգամից հակասահմանադրական իրավիճակ է ենթադրում, որ միանգամից 7 դատավոր դուրս գա: Դուք սահմանադրության փոփոխություն եք կատարում, բայց սահմանադրությունում կան դրույթներ, որոնք անփոխարինելի են, որոնք բխում են մեր պետականության հիմքերից և ավելին՝ անձի բնական իրավունքներից, չի կարելի անձի բնական իրավունքները ոտնահարել։ Դրանք իրենց հետևանքն ունենալու են, բայց նորից հարկատուի գրպանն եք մտնում»։
Պատգամավորը շեշտեց՝ իրավական առումով ամենավատ տեխնիկան են իշխանական խմբակցությունում ընտրել, քանի որ արդեն կիրառված անցումային դրույթը չի կարելի փոփոխել։
ԻսկՍահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ տապալելու, ապա հանրաքվեի դնելումասով նա նշեց. «Հարգելիներս, ձեր ցավը տանեմ, ախր կարելի է, չէ՞, Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը կարդալ, հետո մի հատ էլ բացել ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասը կարդալ՝ հասկանալու համար, որ առաջին ընթերցման տապալումից հետո դուք չեք կարող հանրաքվեի դնել այս հարցը»:
Նրա խոսքով՝ առաջին ընթերցմամբ պետք է ընդունվի, ՍԴ-ն հաստատի, որ երկրորդ ընթերցման տապալումից հետո դնեն հանրաքվեի․ «Եթե մասնավոր ոլորտում լինեի, այսքան խորհրդատվության համար մեծ գումարներ կստանայի, բայց ձեզանից միայն բացասական ժպիտներ եմ ստանում»։











