Այսօր ՍԴ-ն դարձել է քաղաքական շահերի սպասարկման օջախ, դարձել է նախկին կոռումպացված ռեժիմի վերջին բաստիոնը նոր Հայաստանի դեմ պայքարում: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Այդ բաստիոնից ամենակեղտոտ ձեւերով կրակում են նոր Հայաստանի վրա: Չեմ բացառում, որ մի օր կարող են կրակել ոչ միայն բթամիտ ֆեյքերով եւ այլ ծախու վարձկաններով, այլ կկրակեն նաեւ նյութական ձեւերով:

Այս պատասխան հրաձգության մեջ մենք էլ ունենք մեր կրակելիք բաժինը, բայց մենք դա անելու ենք փոխաբերական իմաստով: Յուրաքանչյուրս ունենք ընդամենը մեկ փամփուշտ հին Հայաստանի ուրվականին գլխից այն աշխարհ ուղարկելու համար: Այդ պատկերավոր փամփուշտը մեկ քվեն է, որ այն մեկ քվեն մենք ցանկանում ենք  տալ ձեզ»,-հայտարարեց Կոնջորյանը:

Նա նաեւ փոխաբերական համեմատություն արեց՝ նշելով. «Եկեք պատկերացնենք, որ ձեր երիկամում քար կա, դուք գնում եք բժշկի ու ասում եք՝ երիկմիս քարը խնդրում եմ հեռացրեք. Ձեզ տանում են վիրահատարան, անզգայնացնում են, վիրահատությունն անցնում է, դուք ձեր աչքերը բացում եք, ձեզ ասում են, որ վիրահատությունը հրաշալի է անցել;: Հետո դուք վերադառնում եք տուն, սկզբում ամեն ինչ նորմալ է, հետո հասկանում եք, որ ինչ-որ տարօրինակ բաներ են տեղի ունենում, որ այնքան էլ լավ չեք զգում: Վերադառնում եք հիվանդանոց, ստուգում են եւ տեսնում, որ ձեր մի երիկամը չկա: Քարն էլ չկա, բայց երիկամն էլ չկա:

Դուք գնում եք եւ ասում՝ հարգելի բժիշկ, ուր է իմ երիկամը, եւ բժիշկն ասում է՝ ինչպես թե ուր է, չասացի՞ք քարը հանի, ես էլ հանել եմ: Հիմա այս դրվագում բժկի պահվածքը մասնագիտակա՞ն վեճ է, ընթացակարգային խախտո՞ւմ է, բժշկական սխալմո՞ւնք է, բարոյական խնդիր է, քաղաքական խնդի՞ր է, թե՞ հանցագործություն է»:

Նա կարծիք հայտնեց, որ մեր ժողովրդավարության երկամը չեն միայն հեռացրել,մեր ժողովրդավարության ամբողջ օրգան համակարգն են ձեւախեղել, եւ ձեւախեղել են այնպես, որ եթե հիմա ասենք՝ եկեք վերականգնենք մարմնի առողջ գործունեությունը, մեզ ասում են՝ չէ, չէ, սա ընթացակարգային խախտում է:

«Ասում են՝ ընթացակարգային խախտումներ չանեք, որովհետեւ հիվանդը կմեռնի:  Սա ասում են հին ռեժիմի հոգեզավակները, որոնք օրերով ճամարտակում են իրավաբանության եւ մարդու իրավունքների, սահմանադրականության մասին, էն մարդիկ, որոնք իրեենց քաղցաքական շահերը կերակրելու համար իրավունքի եւ օրենսդրության սպանդանոցներ են ստեղծել, օրենսդրությունը բզկտել, կերել են: Երբ այդ մարդիկ խոսում են սահմանադրականության մասին, դա նույնն է, որ մարդակերը խոսի իր կերած մարդկանց անունից: Կարո՞ղ է արդյոք մարդակերը խոսել իր կերած մարդկանց անունից:

Դուք իրավունքի պաշտպաններ չեք, հարգելիներս, դուք իրավունքի ղասաբներ եք: Իրավունքի սպանդանոցներում կերել եք ՀՀ ժողովրդի սահմանադրությունը, իրավունքը, օրենքներն ու օրենսդրությունը:

ՍԴ մասին հնչում են այնպիսի տեսակետներ, կարծես թե մենք 2 օր առաջ ենք Սահմանադրության մասին տեղեկացել, կարծես թե ՍԴ-ն Հայաստանի ընտրակոեղծարարության, ժողովրդավարության ապականման, ժողովրդի կամքի ոտնահարման ինստիտուցիոնալ հիշողությունն է: Դրա շուրջ համախմբվել են հին ռեժիմի հոգեզավակները, քաղաքական դամբարանի դռները թակողները, որոնք ցանկանում են հետ վերադառնալ: Իհարկե, չեն վերադառնում ծաղիկներ ու շոկոլադ բերելու համար»,-հայտարարեց Կոնջորյանը:

«Մենք ասում ենք՝ հաշվի առնելով այս հարցի չափազանց կարեւորություն ու նրբությունը, ցանկանում ենք ժողովրդին տալ իր անփոփոխելի իրավունքը, որ ժողովուրդը դա որոշի: Մեզ ասում են՝ չեք կարող, որովհետեւ ընթացակարգային խախտում կա: Ստացվել է այնպես, որ այդ ընթացակարգային խախտման շնորհիվ մինչեւ 2035 թվականը ՀՀ ժողովրդի սահմանադրական իրավունքի վրա վետո է դրված: Մենք ասում ենք, որ այն կապանքը, որ  դրվել է  ժողովրդի իրավունքի վրա, մենք կոտրում ենք»,-ընդգծեց նա: