Ժողովուրդը մեկ անգամ արդեն 70 տոկոս վստահության քվե տվել է ձեզ, որի արդյունքում դուք հայտնվել եք այստեղ, բայց փաստորեն դուք անընդհատ փորձում եք ձեր լիազորությունների շրջանակներում այն ինչ պետք է անեք, թողեք ժողովրդի վրա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, Սահմանադրական փոփոխությունների հարցով հրավիրված արտահերթ նիստին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը թույլ է տալիս, որ սահմանադրական փոփոխությունների այս նախագիծն ընդունեք պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով, և դա դուք կարող եք իսկապես իրականացնել, և ձեր կողմից թիրախավորված մեկ անձի խնդիրը դուք կարող եք լուծել այստեղ, բայց դուք որոշել եք այն թողել հանրաքվեի, ասում եք՝ թող ժողովուրդը որոշի, իհարկե շատ բարձր է հնչում, բայց ժողովուրդը մեկ անգամ որոշել է և ձեզ տվել է 70 տոկոս վստահության քվե, որի արդյունքում դուք հայտնվել եք այստեղ, բայց փաստորեն դուք անընդհատ փորձում եք ձեր լիազորությունների շրջանակներում այն ինչ պետք է անեք, թողեք ժողովրդի վրա»,-նշեց նա։

Սամսոնյանի խոսքով՝ «Իմ քայլի» հանրաքվեի դնելու մղումը ունի 3 նպատակ։ «Առաջինը՝ ակնհայտ է, որ սահմանադրության 213-րդ հոդվածի այս փոփոխությունը հակասահմանադրական է, որովհետև այն որպես անցումային դրույթ արդեն իրացվել է և այլևս փոփոխելի չէ։ Դուք հաշվարկել եք այս առաջարկվող փոփոխությունների քաղաքական հետևանքները, որոշել եք ձեր քաղաքական պատասխանատվությունը պրոյեկտեք ժողովրդի վրա։ Մենք ասում ենք քաղաքականությունը մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու արվեստ է, բայց դուք այսօր քաղաքականությունը վերածել եք մարդկանց զբաղեցնելու արվեստի, հանրաքվեն վերածելու եք մի պրոցեսի, որի ժամանակ դաշտը բաժանելու է սևերի և սպիտակների, լինելու են շոուներ։ Այս ամենը ձեզ այսօր անհրաժեշտ է, որովհետև այն նպատակները որոնք դուք հռչակել էիք, տնտեսական հեղափոխություն, իրավական պետություն, բարեփոխումների օրակարգ, դրանք հետին պլան են մղվել, և ձեզ համար պետք են գործողություններ»։

Նա շեշտում է՝ իշխող խմբակցությունը սխալ է վարվում․ «Այսօր անձնական հաշվեհարդար տեսնելու համար դուք նախաձեռնում եք գործողություններ և դրանք լեգիտիմացնելու համար ձեզ պետք է ժողովուրդը։ Դուք սխալ եք վարվում, և մենք ձեզ ասում ենք դա։ Մենք դա ապացուցում ենք իրավական հիմքերով, որոնք դուք չեք ընդունում. միգուցե ընդունել եք քաղաքական որոշում և գիտակցված եք գնում այս ամեն ինչին։ Կոչ եմ անում՝ դաշտը չբաժանել սև ու սպիտակների և չփորձել լռեցնել ընդդիմությանը. այդ մեթոդները չեն գործում, արդեն հնացած են»։