ԱԺ–ն կայացրել է որոշում, եւ այդ որոշման հիման վրա ՀՀ նախագահը պետք է նշանակի հանրաքվե։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշմանը։
Նրա խոսքով, քանի դեռ հանրաքվե նշանակված չէ, իրենք չենք կարող խոսել ընթացքի մասին. «Ստորագրելուց հետո նոր կարող ենք անդրադառնալ այս հարցերին, որովհետեւ ի վերջո իրավական տեսանկյունից մենք պետք է սպասենք հրամանագրի ստորագրմանը, դրանից հետո նոր հնարավոր կլինի անդրադառնալ բովանդակային հարցերին»:
Հարցին, թե ՍԴ-ի եզրակացությունը ստանալու այդ որոշումն ուղարկվելո՞ւ է ՍԴ, թե՞ ոչ, պատգամավորը պատասխանեց. «Հանրաքվեի մասին որոշումը կայացվելուց հետո կարծես թե մենք իմպերատիվ պահանջ չունենք ՍԴ-ի կարծիքը ստանալու, բայց նաեւ ուրիշ հարց ունենք, որ սա վերաբերում է ոչ միայն ՍԴ–ին որպես ինստիտուտի, այլեւ ՍԴ անդամների մեծամասնությանը: Այս պարագայում արդյոք առկա՞ է շահերի բախում, թե՞ այն բացակայում է։ Այստեղ դատարանը կարո՞ղ է ընկալվել որպես անաչառ եւ անկողմնակալ դատարան, թե՞ ոչ, սա էլ այլ խնդիր է։ Այդ հարցի պատասխանը ես չունեմ։ Բացի այդ, եթե առկա է դիմումը ՍԴ-ն իրականացնում է գործառույթը, դիմումի բացակայության պարագայում ՍԴ-ն իրավունք չունի իր նախաձեռնությամբ, որեւէ գործ իրականացնել»,-ասաց Վարդանյանը:
Նա նաեւ հավելեց, որ տվյալ հարցում, իր կարծիքով, ՍԴ 7 անդամներն ունեն շահագրգռվածություն. «Եվ ինչ-որ առումով վատ դրության մեջ կդնենք նրանց, եթե հարցը փոխանցվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության»:











