Երեւանում ապաստան գտած փախստականների խնդիրներն են քննարկվել այսօր` ապրիլի 20-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ՄԱԿ-ի Փախտականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դամթյու Դեսալեյնի հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդգծելով հարցի կարեւորությունը, Կարեն Կարապետյանը նշել է, որ ինչպես փախստականների, այնպես էլ սոցիալապես անապահով խավի եւ վթարային շենքերում բնակվող քաղաքացիների խնդիրներն այսօր իրականում հրատապ են մայրաքաղաքի համար: Այժմ երեւանաբնակ շուրջ 1300 փախստականներ կան, ովքեր ապրում են հանրակացարաններում եւ դեռեւս հաշվառված են բնակարան ստանալու համար:

Քաղաքապետը հյուրին տեղեկացրել է, որ ներկայում քննարկվում է սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագիրը, որով նախատեսվում է կարճ ժամկետում եւ շահավետ պայմաններով լուծումներ առաջարկել կարիքավոր ընտանիքներին:

Կարեւորելով քաղաքապետարանի այս քայլը, Դամթյու Դեսալեյնը նշել է, որ խնդիրն առավել նպատակային կլուծվի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման արդյունքում:

Կողմերը քննարկել են նաեւ փախստականներին բնակարաններով ապահովելու խնդրի լուծման հետ կապված այլընտանքային մոտեցումները: