Լրագրողների համաչինական ասոցիացիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին եւ քննադատել ԱՄՆ-ում ձեռնարկվող միջոցները Չինաստանի պետական ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Լրագրողների համաչինական ասոցիացիան քննադատում եւ բողոք է հայտնում՝ կապված ԱՄՆ-ի սխալ գործողությունների հետ, մենք լրջորեն մտահոգված ենք այդ գործողությունների բացասական հետեւանքներով»,- ասվում է հայտարարության մեջ:

Ասոցիացիան ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել սառը պատերազմի մենթալիտետից եւ անհապաղ դադարեցնել չինական ԶԼՄճների նկատմամբ խտրական սահմանափակումները:

Ավելի վաղ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ում չինական պետական 5 ԶԼՄ-ներում ՉԺՀ քաղաքացիների թիվը կկրճատվի՝ 160-ից դարձնելով 100: Խոսքը Xinhua գործակալության, CGTN հեռուստաալիքի, China Radio International ռադիոընկերության, China Daily թերթի եւ Hai Tian Development USA ընկերության մասին է: Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն մարտի 13-ից:

Այդ միջոցները, ԱՄՆ իշխանությունների կարծիքով, պետք է Պեկինին դրդեն «ավելի արդար» լինել ամերիկյան եւ արտասահմանյան այլ ԶԼՄ-ների նկատմամբ: Չինաստանն ավելի վաղ որոշել է Wall Street Journal-ի 3 լրագրողի արտաքսել կորոնավիրուսի թեմայով հոդվածի պատճառով: