Հայաստանի առջեւ 16 636 000 դոլար Վրաստանի պարտքը գոյացել է 1992-93թթ. առեւտրատնտեսական հարաբերությունների արդյունքում։ Այս մասին, ըստ «Բիզնես Գրուզիա»-ի նշված է Վրաստանի ֆինանսների նախարարության տարածած պաշտոնական նամակում (պարզ չէ, թե Վրաստանի ֆինանսների նախարարությունը ում է հղել նամակը)։

«Պարտքի կուտակման պատճառը երկու երկրների միջեւ 1992-1993թթ. առեւտրատնտեսական հարաբերություններն են, որը 1993թ. հունիսի 15-ի եւ 1994թ. հուլիսի 2-ի համաձայնագրերով ձեւակերպվել է, որպես պետական վարկ։ 1996թ. հունիսի 5-ին պետական վարկի մասին այս համաձայնագրերը միացվել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կնքված վերակազմավորման մասին համաձայնագրով։ Այս վերջին համաձայնագրի հետեւանքով Վրաստանի Հայաստանին պարտքը, Փարիզյան ակումբի պայմաններով, ենթակա էր վերակազմավորման, եւ 2002թ. ապրիլի 12-ի եւ 2005թ. սեպտեմբերի 29-ի Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ կնքվել են համաձայնագրեր, որոնցով կարգավորում է Վրաստանի Հայաստանին պարտքը»,- նշված է նամակում։ 

Ըստ Վրաստանի Ֆինանսների նախարարության՝ նույն համաձայնագրերը կարգավորում են պարտքի մարման գրաֆիկը։ 2002թ. փետրվարի 12-ի համաձայնագրի ժամկետը լրանում է 2021թ. դեկտեմբերի 31-ին, իսկ 2005թ. սեպտեմբերի 29-ին կնքված համաձայնագրի ժամկետը՝ 2025թ. սեպտեմբերի 1-ին։