Առաջիկա երեք տարիներին հետխորհրդային ութ երկիր, այդ թվում` Հայաստանը, 1,5 մլն եվրո կստանան երեխաների նկատմամբ բռնության եւ դաժան վերաբերմունքի դեմ պայքարի շրջանակում: Այդ մասին հայտարարել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) եւ Եվրամիությունը:
Օգնություն կստանան նաեւ Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուկրաինան:
UNICEF-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Սթիվեն Ալենի կարծիքով` վերոնշյալ երկրներում ազատազրկման վայրերում գտնվող երեխաները ենթարկվում են ֆիզիկական, հոգեբանական եւ սեռական բռնության: Իսկ դա կարող է կործանարար հետեւանքներ ունենալ նրանց ֆիզիկական եւ հոգեբանական զարգացման վրա, կարծում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մասնագետները:
Որպես այլընտրանք` նրանք առաջարկում են անչափահաս օրինախախտների նկատմամբ կիրառել ազատազրկում չնախատեսող պատժամիջոցներ: Դա, ըստ նրանց, թույլ կտա երեխային ավելի շուտ ինտեգրվել հասարակությանը եւ վերադառնալ բնականոն կյանքի, հաղորդում է ՄԱԿ-ի ռադիոն:




























