Կարծիքը, որ մանկահասակ երեխաներին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր տանելը եւ կոտորածների մասին նրանց պատմելը կարող է հոգեբանական տրավմատիկ իրավիճակներ առաջացել վերջիններիս մոտ, չափազանցված է եւ իրականությանն այնքան էլ չի համապատասխանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը։
«Երեխան պետք է ծանոթ լինի իր ազգի պատմությանը, եւ նրան Ծիծեռնակաբերդ տանելու մեջ նույնիսկ դրական բան կա։ Պարզապես պետք է հաշվի առնել մի հանգամանք. երեխային Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր պետք է տանել այն տարիքից, երբ այդ ամենը սկսում է հետաքրքրել նրան։ Իսկ դա, սովորաբար, լինում է 3-րդ 4-րդ դասարանից։ Եթե ծնողներն, այնուամենայնիվ, գերադասում են իրենց երեխային պատմության դասեր տալ ավելի վաղ տարիքից, դա հոգեբանական լուրջ հետեւանքներ նրա վրա չի կարող ունենալ։ Երեխան, իհարկե, կարող է տպավորվել ծնողների պատմածով, սակայն ողբերգական հետեւանքերը բացառվում են։ Հակառակը, երեխայի մոտ ազգային միասնության զգացողություն է առաջանում, ինչը շատ դրական է»,- բացատրեց հոգեբանը։
Նա նաեւ հատկանշական համարեց, որ ծնողները չպետք է մեծ ջանքեր գործադրեն երեխայի մեջ թուրքերի հանդեպ թշնամանք սերմանելու հարցում։
«Այդ ինֆորմացիան կարող է անգիտակցաբար նստվածք տալ երեխայի ուղեղում, ինչպես ասենք, «մեշոկ պապիի» գաղափարը։ Ներարկեն ծնողները երեխայի մեջ թշնամանք, թե ոչ, դա գենետիկ հիշողությամբ՝ փսիխոգենետիկայով, միունույն է, փոխանցվելու է՝ դրան գումարած նաեւ պատմական հիշողությունը։ Դրա վառ ապացույցը կարելի է համարել ղարաբաղյան թեժ մարտերը եւ մեր հաղթանակները, երբ աշխատում էին գենետիկ հիշողությունն ու «մուռ» հանելու մղումը։ Այնպես, որ թշնամանքը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մարդն իր հոգում չի ներել հակառակորդին։
Սակայն փաստ է, որ անգամ ներում եւ փոխհատուցում ստանալուց հետո տվյալ անձը ենթագիտակցորեն անընդհատ վերադառնալու է իրեն ցավ պատճառած հիշողություններին։ Այսօր էլ, Հոլոքոսթի ճանաչումից եւ փոխհատուցում ստանալուց հետո հրեաները շարունակում են հիշել այդ իրադարձությունները, եւ դրանք լիարժեք կերպով մոռանալու համար գուցե հարյուրավոր տարիներ պետք լինեն։ Դա մի տեսակ պատմության վերք է, որն իր արդիականությունը կկորցնի միայն մի քանի հարյուր տարի անց»,- ամփոփեց Սամվել Խուդոյանը։




























