Քիչ առաջ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր է տեղափոխվել 22-ամյա Գեւորգ Մելիքյանը, ով բնակվում է Արագածոտնի մարզի Օշական գյուղում։

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Մելիքյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ապրիլի 24-ին, ժամը 16:20-ի սահմաններում Գեւորգ Չաուշի փողոցում, դեպի Կարմիր Խաչի հիվանդանոց գնացող ճանապարհին իրար են բախվել Mercedes C մակնիշի 10 ԼԼ 310 համարանիշի եւ Mercedes G դասի ավտոմեքենաները:

Բախման հետեւանքով G դասի մեքենան գլխիվայր շրջվել էր, իսկ Mercedes C դասի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Ավելի ուշ վարորդը` 41-ամյա Ալվարդ Թամիրյանը հիվանդանոցում մահացել էր: 

Ավտոմեքենաներից վիրավորներին դուրս հանելու համար դեպքի վայր էին ժամանել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատի աշխատակիցները:

Մինչ ոստիկանների ժամանելը Mercedes G դասի մեքենայի վրայից համարանիշները հանել էին: Մի քանի երիտասարդներ հայհոյանքներ էին տալիս` խոչընդոտելով լրագրողական աշխատանքին:

Ջիփ մեքենայի վարորդը` Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 22-ամյա Գեւորգ Սերգեյի Մելիքյանը ինքնակամ ներկայացել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ Կարեն Ստեփանյանին:

Ի դեպ, Գեւորգ Մելիքյանը հանցավոր աշխարհում հայտնի «օրենքով գող», «Օշականցի Գեւորիկ» մականունով Գեւորգ Մելիքյանի եղբոր որդին է:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի