Ռուսաստանը չի պաշտպանի Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձեւը, եթե այն ենթադրի այդ երկրում քաղաքացիական պատերազմի նոր զարգացում եւ բռնության կիրառում: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հետ բանակցություններից հետո, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Միաժամանակ, ՌԴ նախարարն ընդգծել է, որ ներկայումս Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նոր բանաձեւի նախագիծ չի ստացվել:

ՄԱԿ-ի ԱԽ-ում Լիբիայի հարցով բանաձեւի քվեարկության ժամանակ, որով Լիբիայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարվեց եւ դրսի միջամտության հնարավորություն ստեղծվեց, Ռուսաստանը ձեռնպահ էր քվեարկել: