ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդեն նախնական քննարկում է Սիրիայում իրավիճակի հարցը, որտեղ իշխանությունները դաժանորեն ճնշում են հակակառավարական բողոքի ակցիաները, սակայն դեռեւս պայմանավորվածություն չկա արձագանքելու ձեւի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը:

«ՄԱԿ ԱԽ անդամները դեռեւս քննարկում են, թե ինչպիսի հայտարարություն կարող են անել Սիրիայում իրավիճակի վերաբերյալ», - ասել է Պան Կի Մունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով`ԱԽ-ն ապրիլի 26 -ին նախնական անդրադարձել է Սիրիայի հարցին. «Մենք ուշադրությամբ եւ աճող անհանգստությամբ ենք հետեւում իրավիճակին: Ես դատապարտում եմ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը»:

ՄԱԿ ԱԽ գործող նախագահ, Կոլումբիայի մշտական ներկայացուցիչ Նեստոր Օսորիոն լրագրողներին հայտնել է, որ Սիրիայի հարցի քննարկումը Անվտանգության խորհրդում նախատեսվում է ապրիլի 27-ին: