Երբ միայն ձեզ չէին ձերբակալել, մեզ էիք զանգում, որ հարցնեք՝ բա հիմա ի՞նչ անեմ, ժողովուրդն եկել է, չգիտեմ՝ ինչ անեմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28–ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ դիմելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։

«Մենք երբեք սին հույսեր չենք փայփայել, որ դուք երբեւէ մեր արած որեւէ գործի համար շնորհակալ եք լինելու կամ, օրինակ, հիշելու եք, երբ հեղափոխության օրերին, ձեր ձեռքի թեթեւ վնասվածքով շտապել էիք հիվանդանոց, մենք էինք եկել ձեզ տեսության, հասկանալու՝ ինչ վիճակում եք։ Երբ ճանապարհային քարտեզ էր քննարկվում, մենք էինք, որ հուշում էինք, թե ինչեր պետք չի անել, ու ինչեր կարելի է անել, որ ճիշտ արվի։ Երբ հանդիպելով փշալարերին, կրկին «Լուսավոր Հայաստանի» գրասենյակում էր, որ կայացվեց երեւի թե հեղափոխության համար ճակատագրական մի որոշում։ Շատերը կան այս դահլիճում, որ տեղյակ չեն այդ ամենից, շատերը կան, որ հիմա խոսում են ազնվությունից, բայց 2 տարի առաջ ժպտալով իմ դեմքին՝ իրենց ֆեյքերով հայհոյանքներ էին գրում ֆեյսբուքում, անձնական իր էին գողանում ուղարկում իրենց շեֆերին։ Կան այդպիսիք այս դահլիճում։ Մեր երկիրը փոքր է, բոլորի անցյալը լավ գիտենք, անցած ուղին լավ գիտենք, եկեք մնանք քաղաքական դաշտում»,–ասաց պատգամավորը։

Գորգիսյանը հորդորեց՝ եթե իրենց առաջարկությունները չեն հավանում, կարող են դեմ արտահայվել, բայց ոչ վիրավորել։