ՄԱԿ-ի աշխատակիցները տարհանվել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից:

Կազմակերպության ներկայացուցչի խոսքով` ՄԱԿ-ի 12 աշխատակիցներ «ժամանակավորապես լքել են»  Տրիպոլին եւ կվերադառնան  «հենց որ բարենպաստ մթնոլորտ ձեւավորվի», -գրում է  Lenta.ru-ն:

Լիբիայի տարածքում սակայն մնացել են ՄԱԿ-ի աշխատակիցներ, որոնց մի մասը գտնվում է Բենգազիում` ապստամբների գլխավոր քաղաքում:

ՄԱԿ-ն իր աշխատակիցների տարհանման որոշման մասին հայտարարել էր  մայիսի 1-ին այն բանից հետո, երբ Տրիպոլիում կազմակերպության, ինչպես նաեւ Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի դիվանագիտական առաքելությունների վրա գրոհ էր իրականացվել:

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգն էլ իր հերթին հայտարարել է երկրից լիբիական դեսպանին արտաքսելու մասին: