Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանի ամբիոնից հաստատել է Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցչի հայտարարությունը, թե ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից աֆղան գրոհայիններ են կռվել:

«Որոշակի փուլում աֆղան գրոհայիններն իսկապես եղել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում»,- ասել է Օհանյանը` պատասխանելով ՀՅԴ-ական պատգամավոր Արա Նռանյանի հարցին, թե որքանո՞վ են հավաստի իրանական աղբյուրների տեղեկությունները, թե Իրանն օգնել է Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմում, մասնավորապես սպառազինություն, զինամթերք եւ հրահանգիչներ ուղարկելով:

«Համապատասխան պայմանավորվածությունների արդյունքում նրանք դուրս են բերվել, ընդ որում խոշոր կորուստներ կրելով ղարաբաղյան կողմի գործողությունների արդյունքում»,- հավելել է պաշտպանության նախարարը:

Ըստ իրանական որոշ աղբյուրների, Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի ներկայացուցիչ Սեիդ Հասան Ամելին հայտարարել է, թե ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանը Ադրբեջանին զենք եւ զինամթերք է ուղարկել, կազմակերպչական օգնություն ցուցաբերել մարտի դաշտ աֆղան գրոհայինների տեղափոխելու հարցում: